Լեռնային Ղարաբաղի դեմ 2020-2023 թվականների ադրբեջանական հարձակումը եւ շրջանից հայ բնակչության հարկադիր գաղթը բացասաբար են ազդել Հայաստանի ժողովրդավարացման վրա։ Այս մասին ասվում է «Freedom house» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր ծավալուն զեկույցի մեջ, որտեղ ներկայացված է Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Կենտրոնական Ասիա ընկած երկրների ժողովրդավարական պատկերը։
«Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը, որը ստիպել է այնտեղ ապրող ավելի քան 120,000 էթնիկ հայերին փախչել, բացասաբար է ազդել Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա: Նրանք այժմ հիմնականում բնակություն են հաստատել հենց Հայաստանում, որտեղ կառավարությունը փորձում է լուծել նրանց հումանիտար կարիքները՝ միաժամանակ պաշտպանելով իր սեփական տարածքը, ամրապնդելով իշխանությունը ներքին քննադատության պայմաններում եւ արձագանքելով ավելի լավ կառավարման պահանջներին, որոնց խթանել էր 2018 թվականի հեղափոխությունը»,-ասվում է զեկույցում։
Իրավապաշտպան կառույցը ընդգծում է, որ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը որեւէ դեպքում չի հանդիսացել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղրաբաղի վրա ադրբեջանական հարձակման գլխավոր պատճառը, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեռ 2020-ի 44 օրյա պատերազմից հետո բզմիցս է բացահայտորեն խոսել Արցախի փաստացի անկախությունը ոչնչացնելու մտադրության մասին։
Սակայն, Ուկրաինայի վրա ռուսական հարձակումը, նշվում է զեկույցում, Բաքվի համար բացել էր «նվաճման դռները», քանի որ Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվել էին Կովկասում խաղաղապահ պարտականություններից, իսկ ժողովրդավարական աշխարհն էլ կլանված էր Կիեւին աջակցելու գործով:
Ըստ զեկույցի հեղինակների Բաքուն Արցախի դեմ իր սեպտեմբերյան հարձակման համար հիմք էր դրել դեռեւս 2022 թվականի դեկտմեբերի 12-ից սկսած շրջափակմամբ, որը տեղի ժողովրդին զրկել էր առաջին անհրաժեշտության ապրանքներից:
«Երբ վերջապես սկսվել էին ռազմական հարձակումները, տեղի պաշտպանական ուժերը արագորեն համաձայնեցին վայր դնել զենքերը, իսկ տեղական իշխանությունը միանգամից լուծարվեց: Ռուս խաղաղապահները որեւէ ջանք չեն գործադրել միջամտելու համար»,-ասվում է զեկույցի մեջ։
Դրանում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ պաշտպանության հանկարծակի փլուզումը 120,000 էթնիկ հայերի դրդել էր փախչել իրենց կյանքը փրկելու համար:
«Ադրբեջանի բանակը նրանց առաջ բացել էր ելքի ուղին, ինչը Բաքվի համար դյուրացրել էր շրջանի վրա վերահսկության հաստատումը եւ այն գործընթացը, որը կոչվում է էթնիկ զտում»,-ասվում է տեքստում եւ ավելացվում, որ ադրբեջանական բանակը շարունակում է սպառնալ նաեւ Հայաստանի Հանրապետության գոյությանը՝ օկուպացնելով որոշ հատվածներ վերջին տարիներին տեղի ունեցած բազմաթիվ բախումներից հետ։
Անդրադառնալով ներքին ճակատում իրականացրած քայլերի մասին «Freedom house»-ը գրում է, որ Ալիեւը Լեռնային Ղարաբաղում իր հաղթանակի օգուտները քաղելու համար արագ քայլեր է ձեռնարկել՝ միտված իշխանության ավելի շատ կոնսոլիդացիային եւ իր լեգիտիմության ամրապնդմանը: Որպես օրինակ ներկայացվում է 2024 թվականի փետրվարին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը եւ երկրի առանց այդ էլ շղթայված անկախ լրատվամիջոցների ու քաղաքական ընդդիմության դեմ տարված արշավը։
«Ալիեւի, թե՛ քաղաքական, եւ թե՛ ռազմական հաղթանակները կարող են պարզապես գրգռել նրա ախորժակը։ Նրա երդմնակալության ելույթը ներառում էր հայկական տարածքի վերաբերյալ հավելյալ նոր պահանջներ։ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից պարտադրված զսպող գործոնների բացակայության դեպքում Կովկասում ավտորիտար ագրեսիայի ակնհայտ ներուժ կա։ Մոսկվան փաստացիորեն հրաժարվել է տարածաշրջանի անվտանգության երաշխավորի դերակատարումից՝ Հայաստանին թողնելով ժամանակի դեմ մրցավազքի մեջ՝ ժողովրդավարական աշխարհում նոր դաշինքներ ձեւավորելու համար»,-եզրափակվում է Հարավային Կովկասի մասով զեկույցի հատվածը: