ԱՄՆ Հետաքնությունների դաշնային բյուրոյն (ՀԴԲ) մտահոգված է, որ Միացյալ Նահանգներին կարող է սպառնալ համակարգված այնպիսի ահաբեկչություն, ինչպիսին նախորդ ամիս տասնյակ մարդկանց կյանք խլած մերձմոսկովյան Crocus City համերգասրահում տեղի ունեցածն էր: Այս մասին հայտարարել է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը հինգշաբթի՝ ապրիլի 11-ին Ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների հարցերով Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի առջեւունեցած ելույթի ժամանակ։
«Ինձ համար դժվար է պատկերացնել՝ իրավապահ մարմիններում իմ կարիերայի ընթացքում, մի ժամանակաշրջան, երբ հասարակական եւ ազգային անվտանգությանը սպառնացող այդքան վտանգներ առաջանան միաժամանակ։ Բայց հիմա դա այդպես է»,-ասել է Ռեյը։
Մարտի 22-ին Մոսկվայի արվարձանում համերգասրահի վրա հարձակման հետեւանքով զոհվեց առնվազն 144 մարդ։ Դա վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանում տեղի ունեցած ամենաարյունալի ահաբեկչությունն էր, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի պատճառով սրված տրամադրությունների ֆոնին Միացյալ Նահանգների պաշտոնյաները վաղուց են մտահոգված որեւէ անհատի կամ փոքր խմբի կողմից իրականացվող հարձակման վտանգի առնչությամբ:
Այնուամենայնիվ, ինչպես նշվում է Ռեյի պատրաստած զեկույցում, ՀԴԲ-ն ավելի ու ավելի է անհանգստանում հատկապես Ռուսաստանի ահաբեկչությունից հետո, ԱՄՆ-ում «համակարգված հարձակման հնարավորությամբ՝ նման «Իսլամական պետության» Խորասան թեւի հարձակմանը, որին ականատես եղանք մի քանի շաբաթ առաջ ռուսական համերգասրահում»։