ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության հարցում «պլան Բ» չունի, բացառությամբ 60 միլիարդ դոլարի, որն արգելափակվել է Կոնգրեսում տարաձայնությունների պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին, ովքեր ցանկացել են անանուն մնալ։
Գործակալության աղբյուրների խոսքով՝ Սպիտակ տունը հիասթափված է ինչպես հանրապետականներից, որոնք 2023 թվականի աշնանից հետաձգում են Կիեւին տրամադրվող օգնությունը, այնպես էլ Եվրոպայի դաշնակիցներից, որոնք, ըստ Ջո Բայդենի վարչակազմի, ռուսական սառեցված ակտիվների շահույթը պետք է փոխանցեին Ուկրաինային։
Բացի այդ, Վաշինգտոնը կարծում է, որ ԵՄ երկրները պետք է անհապաղ արձագանքեն Կիեւի խնդրանքին եւ կազմակերպեն Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը սեփական ռեզերվներից։
Ապրիլի 11-ի գիշերը ռուսական զանգվածային օդային հարձակումից հետո, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ կոչ է արել գործընկեր երկրներին արագացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ընդունումը։
Նախորդ շաբաթ Զելենսկին ասել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ են 25 Patriot զենիթահրթիռային համակարգեր՝ իր տարածքն ամբողջությամբ ռուսական օդային հարձակումներից պաշտպանելու համար։
Նախօրեին Եվրախորհրդարանը հրաժարվել էր որոշում կայացնել ԵՄ խորհրդի ֆինանսավորման մասին՝ ԵՄ երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ Patriot համակարգեր տրամադրելու անկարողության պատճառով։ Այս որոշումն ընդունվել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհովշտադտի նախաձեռնությամբ։ Իր ելույթում նա հղում կատարելով ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքերին, հայտարարել է, որ այժմ Եվրոպայում 100 Patriot հակաօդային պաշտպանության համակարգ կա։