Ըստ Anadolu գործակալության՝ Անկարայի դատախազությունը 42 քաղաքացու ձերբակալման թույլտվություն է տվել։ Նրանք մեղադրվում են ընդդիմադիր քարոզիչ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանն առնչություն ունենալու համար։
Հետաքննություն է իրականացվել տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ նախկինում պետական տարբեր հիմնարկներից հեռացված մարդկանց նկատմամբ։
23 կասկածյալ արդեն ձերբակալվել է։ Կատարվում են հետախուզման գործողություններ մյուսներին եւս կալանավորելու ուղղությամբ:
Նախօրեին ուժայինները ձերբակալել էին Գյուլենի կազմակերպության հետ կապի մեջ կասկածվող եւս 8 մարդու:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են FETO (Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։
Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Ինքը՝ Գյուլենը, որն ԱՄՆ-ում է, դատապարտել է հեղաշրջման փորձը եւ հերքել իր հասցեին հնչող մեղադրանքները։