Հայաստանը վտանգի է ենթարկել Ադրբեջանի կենդանական աշխարհի ավելի քան 500 տեսակ, որի համար Բաքուն փոխհատուցում է պահանջում։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է Trend լրատվականը։
Նշվում է, որ Բաքուն «հիմնվելով ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի ընթացքում Հայաստանի կողմից իրականացված բնապահպանական լայնածավալ ոչնչացման առատ առկա ապացույցների վրա՝ Ադրբեջանը 2023 թվականի հունվարի 18-ին առաջին արբիտրաժային գործընթաց է սկսել»:
Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում տեղի է ունեցել Եվրոպայում վայրի կենդանական, բուսական աշխարհի եւ բնական միջավայրերի պահպանման Բեռնի կոնվենցիայի միջպետական արբիտրաժի շրջանակներում Ադրբեջանի հայցի վերաբերյալ առաջին դատական նիստը։
Ըստ ադրբեջանական կողմի 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո Բաքուն «սարսափելի ապացույցներ» է ներկայացրել հայկական կողմից շրջակա միջավայրի ոչնչացման մասին։
«Հայաստանի այս քայլերը լուրջ վնաս են հասցրել մեր տարածքների բնական միջավայրին՝ հանգեցնելով բնական ռեսուրսների սպառմանը, ինչպես նաեւ գոյություն ունեցող կենսաբազմազանության ոչնչացմանը»,-ասվում է հայտարարության տեքստում։
Դրանում Հայաստանը մեղադրվում է անտառների լայնածավալ ոչնչացման, շրջակա միջավայրը վնասելու, էկոլոգիական տեսակետից վտանգավոր շինարարություններ եւ հանքարդյունաբերություն իրականանցելու մեջ, որոնց հետեւանքով Ադրբեջանի կենդանական աշխարհի ավելի քան 500 տեսակ իբր հատնվել է վտանգի տակ:
«Հայաստանի նկատմամաբ Ադրբեջանի իրավական գործունեությունը ներառում է հատուկ պահանջներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրինական պարտավորությունները՝ վայրի ֆլորայի եւ ֆաունայի բոլոր տեսակների պոպուլյացիաների պահպանումը, ֆլորայի եւ ֆաունայի համկցման միջավայրերի վերականգնումը եւ բարելավումը, ինչպես նաեւ Կոնվենցիայում թվարկվածների, այդ թվում՝ չվող տեսակների պաշտպանության համար միջոցների ձեռնարկումը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ եւ ավելացվում․ «Արբիտրաժի շրջանակներում Ադրբեջանը տրիբունալից խնդրել է վերջ տալ Հայաստանի կողմից Բեռնի կոնվենցիայի բոլոր շարունակական խախտումներին եւ պահանջել ամբողջական փոխհատուցում վճարել շրջակա միջավայրի ոչնչացման համար»։