Գերմանիայում կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ կանցլեր Օլաֆ Շոլցի պաշտոնական հանդիպումը։ Առանձնազրույցին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Շոլցը հայտարարել է Վրաստանում դատական բարեփոխումները շարունակելու, ինչպես նաեւ պետության «դեօլիգարխիզացիայի» անհրաժեշտության մասին։
«Գերմանիան եղել եւ մնում է Վրաստանի եւ նրա եվրոպական հեռանկարի կողմնակիցը, ուստի մենք բազմաթիվ հանդիպումներ ենք կազմակերպել եւ միշտ քարոզչություն ենք իրականացրել թեկնածուի կարգավիճակի համար, եւ մենք հասել ենք դրան: Իհարկե, մենք չենք կարող այդքանով կանգ առնել։ Շատ երկար ցուցակ կա այն անհրաժեշտ այն գործողությունների համար, որոնք դեռ պետք է արվեն: Դուք գիտեք այս չափանիշները, դրանք անհրաժեշտ են Եվրոպայի հետ կապված իրավական ռեժիմի համար»,-ասել է Շոլցը։
Կոբախիձեի ելույթից էլ պարզ է դարձել, որ երկու երկրների ղեկավարները խոսել են նաեւ Վրաստանի խորհրդարանում քննարկման դրված «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի թեմայի շուրջ։
«Ինչպես արդեն ասացի, «թափանցիկության մասին օրենքը» լիովին համապատասխանում է իրավական սկզբունքներին։ Մենք բաց ենք եւ պատրաստ ենք այս քննարկումն ունենալ մեր եվրոպացի, ամերիկացի կամ տեղի վրաց գործընկերների հետ, մեր դիրքորոշումները շատ հաստատուն են։ Միակ բանը, որ նախատեսում է օրինագիծը, հասարակական կազմակերպությունների կողմից ֆինանսների տարեկան բացահայտումն է։ Ոչ ոք չի կարող պնդել, որ ֆինանսական բացահայտումները կարող են բացասաբար ազդել կոնկրետ կազմակերպության գործունեության վրա…»,-ասել է Կոբախիձեն։
Երկու ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով՝ երկու երկրների կառավարությունների անդամների մասնակցությամբ, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի վարչությունը։
Գերմանիա վրացական պատվիրակության այցին նախորդել էին գերմանացի քաղաքական գործիչների կոշտ հայտարարությունները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերն անձամբ Վրաստանի վարչապետին հայտնել էր, որ Բեռլինը մտահոգված է իշխող կուսակցության «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» նախաձեռնությամբ։ Նման հայտարարություններ են արել նաեւ Գերմանիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Սեբաստիան Ֆիշերը եւ Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Քրիստիանե Հոֆմանը։