Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ծրագրում է այս տարվա մայիսի երրորդ տասնօրյակում պետական այց կատարել Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի արտգործնախարարությունը՝ նախարար Սիրոջիդին Մուխրիդինի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո։
Նախարարների հանդիպումը կայացել է Մինսկում Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում։
«Նախարարները մտքեր են փոխանակել նաեւ Ադրբեջանում Տաջիկստանի մշակույթի օրերի, մայիսի երկրորդ տասնօրյակում Տաջիկստանի կինոյի օրերի եւ տաջիկ-ադրբեջանական գործարար համաժողովի անցկացման շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ եւ ավելացվում, որ քննարկվել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային հարցեր։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անցած տարվա ապրիլին պետական այց էր կատարել Դուշանբե։ Տաջիկստանի նախագահի հետ նրա բանակցությունների արդյունքը 14 համագործակցության փաստաթղթերի ստորագրումն էր։ Ալիեւը կրկին Դուշանբե էր եկել սեպտեմբերին՝ որպես Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպման պատվավոր հյուր։
Ռահմոնն ավելի վաղ պաշտոնական այցով Բաքու էր այցելել 2018 թվականի օգոստոսին։