Լոռու մարզի Դեբեդ գյուղի դպրոցականները 2025 թվականի սեպտեմբերը կդիմավորեն վերակառուցված շենքում։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն այստեղ դպրոց է կառուցում։
Վթարային եւ անբարեկարգ պայմաններն անցյալում են։ Դպրոցի հին շենքի տեղում լինելու է լուսավոր, գունեղ դասասենյակներով ու մասնագիտացված լաբորատորիաներով ժամանակակից համալիր։
Նախկին երկուսի փոխարեն շենքը մեկհարկանի կլինի, բայց ավելի ընդարձակ՝ հարակից խաղահրապարակով ու ֆուտբոլի կանաչապատ դաշտով։
Շինաշխատանքների մեկնարկը տրված է։
Հիմնարկեքի արարողությանը մասնակցելու նպատակով ապրիլի 10-ին Դեբեդում էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, պաշտոնատար այլ անձինք կառավարությունից ու համայնքից։
«Մեր նպատակն է հնարավորինս աջակցել որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը։ Կառուցում ենք ոչ միայն դպրոցի շենք, այլեւ փորձում ենք ստեղծել միջավայր, որտեղ երեխաները եւ ուսուցիչները կկարողանան բացահայտել եւ իրացնել իրենց ողջ ներուժը, աշխատել ու սովորել ստեղծագործականությունը խթանող միջավայրում»- իր ելույթում նշեց Լիանա Ղալթաղչյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Դեբեդում նոր դպրոցի կառուցումը կարեւորեց Հայաստանի կառավարության՝ «300 դպրոց եւ 500 մանկապարտեզ» ծրագիրը համալրելու առումով։ Ապա շնորհակալություն հայտնեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին՝ կրթության ոլորտում փոփոխություններին ուղղված ծրագրեր իրականցնելու համար։
Լոռու մարզպետը ողջունեց մարզի տարածքում ՔՈԱՖ-ի կողմից իրականացվող հերթական մասշտաբային ծրագրի մեկնարկը՝ կարեւորելով գյուղական բնակավայրում նոր որակի ուսումնական հաստատության կառուցումը։
«Պետության զարգացման կարեւոր նախապայմաններից մեկը լավագույն կրթության ապահովումն է, իսկ դրա համար կարեւոր է նաեւ կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը։ Կարճ ժամանակ հետո ՔՈԱՖ-ի շնորհիվ ունենալու ենք նորարարական եւ առաջադեմ կրթական մի կառույց, որը կօգնի յուրաքանչյուր աշակերտի ստեղծարար միջավայրում բացահայտել իր ներուժը, զարգացնել կարողությունները՝ ստանալով որակյալ կրթություն»,- ասաց Արամ Ղազարյանը։
Դեբեդի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները այս իրադարձությանը երկար են սպասել։ Երեք տարի նրանց ուսումնական գործընթացը կազմակերպվել է Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնում։
Երկարամյա մանկավարժ Անահիտ Շոլինյանը, որ 1998-2012 թվականներին Դեբեդի դպրոցի տնօրենն է եղել, ասաց՝ նախկինում էլ դպրոցի շենքի մասնակի բարեկարգմանն ուղղված աշխատանքները կրկին բարերաների օգնությամբ են արվել։
«Երկրաշարժի ժամանակ բավականին խարխլվել էր, դիմել ենք սփյուռքահայ բարերարների օգնությանը, մի քանի անգամ թեթեւ վերանորոգել ենք, պայմանները տանելի դարձրել։ Բայց կյանքը զարգանում է, եւ դրան համընթաց պետք է ունենանք կրթական նոր համալիր»։
Դեբեդի դպրոցը 115 աշակերտ ունի։ Նրանց համար «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը կրթության լավագույն պայմաններ եւ 21-րդ դարին համահունչ որակյալ կրթություն է ապահովում գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերի շրջանակում՝ 1,7 միլիոն դոլար ներդրումով։
«․․․Այն, որ կրթությունը միակ ուժն է, որը ոչ ոք եւ երբեք չի կարող խլել մեզնից, եղել եւ շարունակում է մնալ մեր խորին համոզմունքը։ Մենք անցյալն ենք, իսկ դուք ապագան։ Լա՛վ սովորեք»։
Այս ուղերձը Լոռու մարզի Դեբեդ գյուղի դպրոցականներին բարերարներ Հարություն եւ Սյուզան Մանգոյաններն են հղել, ում նվիրաբերության շնորհիվ կառուցվում է կրթօջախը։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «Գիր հաստատման» հուշաթղթում ամփոփված ուղերձը կրտսեր դպրոցականների ձեռքով դրվեց շինության հիմքում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։