Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը առաջադրված շուրջ 590 թեկնածուներից ընդամենը յոթին է թույլատրել մասնակցել նախագահական ընտրություններին։
Իրանի ՆԳՆ-ն այսօր հրապարակել է մասնակիցների անունները եւ ազդարարել հունիսի 18-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկը։
Ընտրապայքարից դուրս են մնացել հանրությանը հայտնի նախկին կամ գործող ազդեցիկ գործիչներ, մասնավորապես խորհրդարանի նախկին խոսնակ, պահպանողական Ալի Լարիջանին, որը համարվում է գործող նախագահ Հասան Ռոհանիի դաշնակիցը, այժմյան փոխնախագահ, բարեփոխական Էշաք Ջահանգիրին, նախկին նախագահ, կոշտ գծի կողմնակից Մահմուդ Ահմադինեժադը։
Ընտրություններին մասնակցելու թույլտվություն ստացած յոթ թեկնածուների թվում է Իրանի արդարադատության համակարգի ղեկավար, կրոնական կոշտ հայացքների տեր Իբրահիմ Ռայիսին, որը սերտ կապեր ունի երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ։
Սահմանադրության պահապանների խորհուրդը իր որոշումները չի պարզաբանում։
Հասան Ռոհանիի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է, ուստի նա առաջադրվելու իրավունք չուներ։