Գիշերը Իրանը ավելի քան 300 անօդաչու թռչող սարքերից, թեւավոր հրթիռներից եւ բալիստիկ հրթիռներից բաղկացած «զանգվածային երամ» է ուղարկել Իսրայելի տարածքի ուղղությամբ, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, ծովակալ Դանիել Հագարին: Նրա խոսքով՝ Իսրայելի եւ տարածաշրջանում իր դաշնակիցների հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանական համակարգերը խոցել են արձակված հրթիռների ու ԱԹՍ-ների ճնշող մեծամասնությունը, որոնցից տասնյակները՝ երկրի սահմաններից դուրս։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնն «օգնել է Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլորը»։
«Իրանը եւ նրա պրոքսի ուժերը, որոնք գործում են Եմենից, Սիրիայից եւ Իրաքից, աննախադեպ օդային հարձակում են իրականացրել Իսրայելի ռազմական օբյեկտների վրա»,-հայտարրաել ԱՄՆ նախագահը եւ դատապարտել իրանական հարձակումները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո նա ասել է. «Վաղը ես կհավաքեմ G7-ի իմ գործընկեր առաջնորդներին, որպեսզի համակրգենք Իրանի բիրտ հարձակմանը միասնական դիվանագիտական պատասխան տալու գործընթացը»:
Իրանական հրթիռների և անօդաչու սարքերի հայտնաբերման եւ խոցման գործընթացին բացի ԱՄՆ-ի զինված ուժերից, ակտիվ մասնակցություն են ունեցել նաև նրա դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Հորդանանը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ հարձակումն ուղղված է եղել «հատուկ թիրախների» դեմ եւ իրականացվել է «ի պատասխան [Իսրայելի] Սիոնիստական ռեժիմի իրականացրած բազմաթիվ հանցագործություններին, այդ թվում՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմանը»։
Հագարին հայտարարել էր նաեւ, որ իրանական հարվածների հետեւանքով չնչին վնաս է հասցվել իսրայելական ռազմական օբյեկտներից մեկին՝ չհստակեցնելով, թե որ օբյեկտի մասին է գնում խոսքը։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների խոսքը այս դեպքում գնում է Իսրայելի հարավում գտնվող Նեգեւ անապատում տեղակայված ռազմաբազայի մասին։
Ապրիլի 14-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտնել է, որ ավարտել է օպերատիվ իրավիճակի գնահատումը պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Միացյալ Նահանգների եւ այլ գործընկերների հետ մենք կարողացանք պաշտպանել Իսրայել պետության տարածքը։ Շատ քիչ վնաս է հասցվել։ Սա Իսրայելի պաշտպանության բանակի տպավորիչ գործողությունների արդյունքն է»,-ասել է Գալանտը եւ հավելել․ «Սա ռազմարշավի ավարտը չէ։ Մենք պետք է զգոն մնանք եւ ուշադիր հետեւենք Իսրայելի պաշտպանության բանակի եւ ներքին ճակատի հրամանատարության կողմից տրված հրահանգներին: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Միաժամանակ մենք հետ մղեցինք գրոհների ամենամեծ ալիքը, եւ դա արեցինք հաջողությամբ»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ մեկնաբանելով Իսրայելի տարածքի վրա գիշերային հարվածները հայտարարել է. «Մենք որսացել ենք [հրթիռներ եւ անօդաչու սարքեր]: Մենք խոցել ենք դրանք։ Միասին մենք հաղթելու ենք»:
Հարձակման մեկնարկից ժամեր անց իրանական կողմը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ այլ հարվածներ այլեւս չի հասցնի, սակայն զգուշացրել է Իսրայելին պատասխան գործողություններից, իսկ ԱՄՆ-ին՝ ցանկացած միջամտությունից:
«Նախօրեին գիշերը սկսված եւ մինչեւ այսօր առավոտ շարունակված «Արդար Խոստում» գործողությունը հաջողությամբ ավարտվել է եւ այն հասել է իր բոլոր նպատակներին», — հայտարարել է Իրանի ռազմական շտաբի պետ Մոհամմադ Բաղերին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Բաղերին նշել է, որ պատասխան հարվածի թիրախ է դարձել «հետախուզական կենտրոնը» եւ այն ավիաբազան, որտեղից Թեհրանի տվյալներով, իսրայելական F-35 կործանիչները օդ են բարձրացել եւ հարվածներ հասցրել Դամասկոսի իրանական հյուպատոսության շենքին։
«Այս երկու կենտրոններն էլ զգալիորեն ավերվել եւ անգործունակ են դարձել։ Մենք այս գործողությունը համարում ենք ավարտված»,-նշել է իրանցի գեներալը։
Բաղերին նաեւ նշել է, որ եթե Իսրայելը պատասխան տա, Իրանի պատասխանը «շատ ավելի մեծ» կլինի, քան գիշերային ռմբակոծությունը, հաղորդում է Reuters-ը:
Իրանը նաեւ զգուշացրել է Վաշինգտոնին, որ Իսրայելի պատասխան գործողությունները կհանգեցնեն տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բազաների վրա հարձակումների։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը վկայակոչելով ինքնապաշտպանության մասին դրույթի ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը հայտրարաել էր, որ Իսրայելի վրա հարձակումից հետո Թեհրանը համարում է «այս հարցը … փակված» եւ Իսրայելին զգուշացրել է «մեկ այլ սխալ» թույլ չտալու մասին: