Ռուսաստանի իշխանությունները ԱՄՆ-ից տեղեկություն են խնդրել Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության մասին։ Ամերիկյան կողմն այն հանձնել է եւ մտադիր է դա անել ապագայում, ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Դեսպանը այլ մանրամասներ չի հայտնել, սակայն պարզաբանել է, որ Ռուսաստանից եղել է «ուղիղ խնդրանք», եւ որ, չնայած «Կրեմլի հետ իրական եւ խորը տարաձայնություններին», Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տեղի ունեցածի հետաքննությանը, քանի որ «Ռուսաստանի քաղաքացիներն իրավունք ունեն ապրել ապահով եւ արժանապատիվ»:
Կրեմլը դեռ չի մեկնաբանել Թրեյսիի հայտարարությունը։
Կրոկուսի վրա հարձակումից կարճ ժամանակ առաջ, ըստ արեւմտյան մամուլի, մի քանի երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները նախազգուշացրել էին Ռուսաստանի իշխանություններին երկրում ահաբեկչական հարձակումների մեծ հավանականության մասին։ Ռուսաստանը հետագայում հայտարարեց, որ դրանք ունեցել են ընդհանրական ձեւ եւ որեւէ կերպ հստակություն չեն պարունակել։