Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2024 թվականի ապրիլի մեկից ֆիզիկական անձանց համար (անձնական օգտագործման ապրանքների համար, այդ թվում նաեւ` փոխադրողի կողմից առաքված) սահմանված առցանց անմաքս առեւտրի շեմը նվազեցրել է։
Նախկին 200 հազար դրամ եւ 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանած 200 եվրո եւ 31 կգ արտոնության շեմը։ Եթե ապրանքը (կամ ապրանքները) ավելի թանկարժեք լինի, դրանից հանվում է 200 եվրո, եւ միայն մնացած մասի 15 տոկոսի չափով մաքսատուրք է գանձվում։ Օրինակ՝ եթե ֆիզիկական անձը գնի 240 եվրո արժողությամբ հեռախոս, ապա մաքսատուրք է վճարելու 40 եվրոյի 15 տոկոսի չափով՝ 6 եվրո։
Հարց է առաջանում, եթե ԵԱՏՄ խորհուրդն այս որոշումը կայացրել էր դեռ 2017 թվականին, ինչո՞ւ է 2024 թվականին սկսում գործել, ինչո՞ւ հիմա նվազեցվեց շեմը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է՝ որոշման կիրառումը մի քանի անգամ հետաձգվել էր՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կարծիքը։ Հիմա նրանք արդեն համաձայնության են եկել, ու այն ուժի մեջ է մտել։
Սա մեր տնտեսության վրա կունենա ե՛ւ դրական, ե՛ւ բացասական հետեւանքներ։ Որոշ ապրանքներ կթանկանան։ Վերջին ժամանակաշրջանում շատերը արտերկրից ավելի մատչելի գներով ապրանք էին ներկրում, որի ազդեցությամբ տեղական շուկայում որոշակի ապրանքների գնանկում կար։ Օրինակ՝ շինանյութը, հագուստը, ընդեղենն էժանացել են։ Իսկ դրական հետեւանքը կարող է լինել այն, որ տեղական արտադրողներն ու վերավաճառողները, որոնք Կառավարության առջեւ ցույցներ էին կազմակերպում, վճարում են ապրանքների ավելացված արժեքի հարկն (20 տոկոս) ու մաքսատուրքը (10-15 տոկոս), որի հետեւանքով իրենց ապրանքը թանկանում է ու չեն կարողանում մրցակցել առցանց հարթակների հետ։
«Այս որոշման կիրառությունից հետո տեղական արտադրողների ու վերավաճառողների մրցունակությունը կբարձրանա։ Նրանք վերջերս լուրջ խնդիրների էին բախվել, չէին կարողանում մրցակցել։ Իսկ երկարաժամկետ տնտեսական աճ ունենալու համար անհրաժեշտ է, որ տեղական արտադրությունը մնա Հայաստանում։ Այն պետք է խթանել, քանի որ դրա միջոցով մեր երկրում աշխատատեղեր են ստեղծում, հարկեր են վճարվում, արտահանում է կազմակերպվում․․․․ Մեր արտադրողներին պետք է աջակցել, որ նրանք էլ մուտք գործեն օնլայն հարթակներ»,- ասում է տնտեսագետը։
Այնուամենայնիվ, առցանց առեւտրի ծավալներն առանձնապես չեն նվազի, քանի որ նույնիսկ անմաքս առեւտրի շեմի նվազեցման պարագայում ներկրված, առցանց հարթակներից գնված ապրանքը դարձյալ ավելի մատչելի է, քան Հայաստանի խանութներում վաճառվողը, քանի որ օնլայն գնումների դեպքում ֆիզիկական անձը միայն մաքսատուրք է վճարում։
ՀՀ քաղաքացիները հիմնականում օնլայն գնումներ են կատարում ռուսական հարթակներից․ թանկարժեք ապրանքների ներկրումն ավելի քիչ է, քանի որ մարդիկ սովորաբար հագուստ, տնտեսական ապրանքներ, կենցաղային, գրենական պարագաներ են գնում։ Իսկ «Իբեյ», «Ալիբաբա», «Ամազոն» հարթակներից մարդիկ համեմատաբար ավելի թանկարժեք էկելտրատեխնիկա են գնում։ Այս կայքերից, հնարավոր է, ոմանք այսուհետ ավելի քիչ թանկարժեք ապրանքներ գնեն՝ մտածելով, որ ավելի լավ է մի փոքր էլ ավելի վճարել ու ապրանքը վերցնել տեղական շուկայից։
Օնլայն խանութներից՝ հատկապես «Վայլդբերիս»-ից, հաճախ գնումներ կատարող Գոհար Հովհաննիսյանի կատարած գնումների շեմը սովորաբար չի հատում 200 եվրոյի շեմը, բայց եթե անգամ հատի, դարձյալ ավելի ձեռնտու է օնլայն խանութներից գնումներ կատարելը։
«Իհարկե, մեր՝ քաղաքացիներիս համար ավելի ձեռնտու էր նախորդ շեմը, երբ կարող էինք մինչեւ 200 հազար դրամի սահմանում անմաքս առեւտուր անել։ Այս որոշումն ի շահ առեւտրականների է, որոնք բողոքի ակցիաներ էին անում, երբ «Վայլդբերիսից» շատ էժան գնումներ կատարելու հնարավորություն կար։ Ես կշարունակեմ օնլայն գնումներ կատարել։ Խոհանոցային կոմբայն եմ գնելու, որն արժե մոտ 230 եվրո։ Ավելի լավ է՝ 30 եվրոյի չափով հարկ վճարեմ, քան այստեղից գնեմ։ Տեղական շուկայում այն անհամեմատ ավելի թանկ է»,- մանրամասնում է Գոհարը։
Հռիփսիմե Սարգսյանն էլ օնլայն հարթակներից հաճախ բրենդային իրեր ու կենցաղային տեխնիկա է գնում։ 200 եվրոյի շեմը գերազանցող ապրանք գնելու դեպքում կհաշվարկի․ եթե տարբերությունը մեծ չլինի, կգնի տեղական շուկայից։ Վերջերս նա 15 հազար դրամով էլեկտրական հարիչ էր գնել «Վայլդբերիսով»։ Տեղական շուկայում այն 21 հազար դրամ է։
«Առցանց առեւտրի ակտիվացումից հետո մեր երկրում գոնե որոշ ապրանքների գներ մի քիչ նվազեցին։ Առաջ հիմնականում «Վայլդբերիսից» կամ «Ալիէքսպրեսից» էի գզեստներ գնում։ Բայց վերջին մեկ տարվա ընթացքում մեր շուկայում դրանց գները համեմատաբար նվազել են։ Երբեմն նախընտրում եմ խանութում հագուստը փորձել ու գնել։ Բայց բրենդային հագուստը սովորաբար Հայաստանում անհամեմատ ավելի թանկ է։ Ավելի լավ է պատվիրել ու նույնիսկ չափի չհամապատասխանելու դեպքում ապրանքը հետ ուղարկել՝ վերադարձի համար վճարելով։ Այնպես որ, ես շարունակելու եմ օնլայն գնումներ կատարել։ Այդպես ավելի մատչելի է»,- եզրափակում է Հռիփսիմեն։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։