Ռուսաստանը չափազանց անհանգստացած է Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակով, հետագա էսկալացիան չի բխում որեւէ ոչ մեկի շահերից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվան հանդես է գալիս բացառապես քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման օգտին։
«Մենք չափազանց մտահոգված ենք տարածաշրջանում լարվածության աճով։ Տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել։ Հետագա էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից։ Հետեւաբար մենք կողմնակից ենք, որ բոլոր տարաձայնությունները լուծվեն բացառապես քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով»,-ասել է Պեսկովը։
Ապրիլի 14-ի գիշերը Իրանը շուրջ 300 անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ դա որակելով որպես պատասխան՝ Իսրայելի բազմաթիվ «հանցագործությունների», այդ թվում՝ Դամասկոսում Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հրթիռային հարձակման համար։