Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն ապրիլի 15-ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին», ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության» համաձայնագրերը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության տեքստում։
Ըստ հայտարարության նշված համաձայնագրերից առաջինի կնքումը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության խթանմանը, երկու պետությունների միջեւ տնտեսական, առեւտրային, գիտատեխնիկական, մշակութային եւ այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը, այլեւ Ղազախստանի տարածքում գտնվելու, այդ թվում նաեւ` աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքացիների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Ինչ վերաբերվում է երկորդ համաձայնագրին, ապա ըստ ՀՀ ԱԳ նախարարության, այն միտված է միգրացիայի ոլորտում, այդ թվում՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերում երկկողմ ամուր իրավական հիմքերի ձեւավորմանն ու գործընկերային հարաբերությունների խորացմանը:
Համաձայնագրերի ստորագրումը տեղի է ունեցել Ղազախսատանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում: