ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Կոնգրեսի առաջնորդները կիրակի ուշ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինային եւ Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության տրամադրման հրատապությունը։
Սպիտակ տան տարածած հաղորդագրության տեքստի համաձայն նախագահն ասել է, որ հրատապ անհրաժեշտություն կա, որպեսզի Ներկայացուցիչների պալատը ընդունի Իսրայելին, Ուկրաինային եւ Թայվանին օգնության տրամադրման մասին օրինագիծը, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Սենատի կողմից:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը այդ փաստաթուղթը քվեարկության չէր բերել, քանի որ Կոնգրեսի հանրապետականներից շատերը այն ընդունելի չէին համարել։ Որպես փոխահատուցում, հանրապետականները պահանջում են, որպեսզի խստացումներ մտցվի միգրացիոն օրենքների մեջ, իսկ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը ձեւակերպվի որպես փոխհատուցվող վարկ։
Իսրայելի դեմ ապրիլի 14-ին Իրանի ԱԹՍ-ների եւ Հրթիռների հարձակումից հետո, որը գլխավորապես հետ մղվեց նաեւ ԱՄՆ ՀՕՊ համակարգերի կողմից, թե՛ իսրայելական, եր թե՛ ամերիկյան կողմերը հայտարարում են հրեական պետությանը հրատապ ռազմական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության է առաջացել։ Սրա ամենաարագ ճանապարհը Սենատի կողմից արդեն հաստատված օրինագծի ընդունումն է, որը Իսրայելին օգնելու համար նախատեսում է մոտ 14 միլիարդ դոլարի հատկացնում, իսկ Ուկրաինային համար՝ ավելի քան 60 միլիարդ դոլար։
Բայդենի հետ զրույցի ժամանակ կոնգրեսականները ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ջոնսոնին կոչ են արել օրինագիծը քվեարկության ներկայացնել արդեն այս շաբաթ:
Ներկայացուցիչների պալատի նախագահը ավելի վաղ ասել էր, որ պալատը այս շաբաթ կքննարկի թե՛ Իսրայելին, թե՛ Ուկրաինային տրամադրվող օգնությունը, սակայն ակնարկել էր, որ օրինագծի որոշակի փոփոխված տարբերակ կներկայացվի։