Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ:
Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ եւ Ձեր ղեկավարած պատվիրակությանը հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Վստահ եմ, որ Ձեր այցելությունը կնպաստի Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Մենք ունենք ընդհանուր պատմություն, եւ նաեւ այսօրվա ժամանակակից պատմությունը, որն առանձնանում է նրանով, որ այս բարդ ժամանակներում մենք խորացնում ենք մեր հարաբերությունները բոլոր բնագավառներում: Ուզում եմ նշել, որ այս ժամանակաշրջանում, հատկապես՝ Ձեր ղեկավարման ժամանակաշրջանում, Ղազախստանն արձանագրել է զգալի հաջողություններ տարբեր ոլորտներում: Մեր համագործակցությունը նպատակ ունի կիրառել նաեւ Ղազախստանի հնարավորությունները Հայաստանի տնտեսական կյանքում եւ մնացած բնագավառներում: Մեկ անգամ եւս ողջունում եմ Ձեզ եւ, իհարկե, մաղթում Ձեզ եւ ղազախ ժողովրդին հաջողություններ, նոր ձեռքբերումներ»:
Ղազախստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու բարեմաղթանքների համար, նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, հարգելի Վահագն Գառնիկի, որպես Ղազախստանի նախագահ առաջին անգամ եմ այցելում Հայաստան պաշտոնական այցով: Այդ պատճառով է, որ այս այցն ինձ համար շատ կարեւոր է եւ ունի հատուկ նշանակություն: Մենք բանակցություններ ենք ունեցել մեծարգո պարոն վարչապետի հետ՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակում: Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է հիմնական եւ կարեւոր գործընկերներից մեկը: Մեծ ոգեւորությամբ եւհատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան, երկիր՝ հարուստ պատմությամբ, մշակույթով, որտեղ սկիզբ է առել հին քաղաքակրթությունը: Այսօրվա հանդիպումը համընկել է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության պայմանագրի 25-ամյակի հետ: Սա խորհրդանշական է: Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական: Այս պաշտոնական այցն անցավ ինչպես ծրագրված էր, եւ ես հույս ունեմ, որ այն կմնա երկու երկրների պատմության մեջ»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ տնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչման հնարավորությունները: Այս համատեքստում կարեւորվել է համատեղ տնտեսական, մշակութային, սպորտային եւ այլ նախաձեռնությունների անցկացումը՝ օրերս կայացած հայ-ղազախական գործարար համաժողովի եւ ընթացիկ տարում Ղազախստանում նախատեսված «Հայկական մշակութային օրերի» օրինակներով:
Երկու երկրների համագործակցության ամրապնդման տեսանկյունից, կարեւորվել են բարձր մակարդակի քաղաքական փոխայցելություններն ու մշակութային, տնտեսական, գործարար օղակների միջեւ շարունակական շփումները:
Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք շեշտել են տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղության հաստատման կարեւորությունը, ինչը բխում է բոլոր գործընկեր պետությունների շահերից:
Հանդիպման ավարտին Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Ղազախստան: