Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կմեծացնի դաշինքի հավակնությունները հյուսիսում՝ Արկտիկայի տարածաշրջանում, ինչը կուղեկցվի համապատասխան հրամանատարական կետերի շղթայական ստեղծմամբ եւ անձնակազմի տեղակայմամբ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբ տեղակայելու Ֆինլանդիայի պլանների մասին հարցին։
«Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարձրացնի դաշինքի հավակնությունների մակարդակը հյուսիսում՝ Արկտիկայի տարածաշրջանում։ Ուստի դա կուղեկցվի ոչ միայն լրացուցիչ հնարավորությունների ձեւավորմամբ, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի տարածքում լրացուցիչ ուժերի ու տեխնիկայի տեղակայմամբ եւ զորավարժությունների ինտենսիվացմամբ, այլ նաեւ հրամանատարաշտաբային շղթաների ստեղծմամբ»,-ասել է Գրուշկոն։
Դիվանագետը մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, հիշեցրել է, որ Մոսկվայի «պատասխանը համաչափ կլինի այն սպառնալիքներին, որոնք կարող են բխել այս երկու երկրների տարածքից»։