Վրաստանի խորհրդարանը ապրիլի 15-ին սկսել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծի շուրջ քննարկումները, որն իր ձեւով «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի անալոգն է։
Առաջին օրը փաստաթուղթը քննարկվել է իրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Սակայն այն ընդհատվել է սկսված ծեծկռտուքի պատճառով։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի ելույթի ժամանակ նրա վրա հարձակվել է ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին։ Հետո ծեծկռտուքին խառնվել են այլ պատգամավորներ։
Խորհրդարանական քննարկման մեկանրկի ֆոնին Թբիլիսիում վերսկսվել են օրինագծի դեմ զանգվածային բողոքի ցույցերը։
Օրինագիծը ներկայացրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Փաստաթղթի հեղինակների կարծիքով, այն ուղղված է բացառապես արտաքին ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների աշխատանքի թափանցիկության աստիճանի բարձրացմանը։
Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունները մտադիր են դա օգտագործել անկախ լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու համար, ինչպես եղել է արդեն Ռուսաստանում։ Փաստաթղթի հակառակորդներն այն անվանում են «ռուսական օրենք»:
Օրինագիծն առաջին անգամ խորհրդարան է ներկայացվել 2023 թվականի սկզբին եւ ընդունվել առաջին ընթերցմամբ։ Սակայն զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին այն հետ էր կանչվել։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով հաճախ է հանդես գալիս կառավարությանը հակադիր դիրքորոշումներով, խոստացել է վետո դնել օրենքի վրա։ Միեւնույն ժամանակ, իշխող կոալիցիան բավականաչափ ձայներ ունի խորհրդարանում, որպեսզի հաղթահարի նախագահի վետոն: