ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է Զապորոժիեի ատոմակայանի վերջին գնդակոծություններն ու դրանցից բխող վտանգավոր հետեւանքները։
Գրոսին ընդգծել է, որ 2022 թվականի նոյեմբերից ի վեր կայանը առաջին անգամ ուղիղ խոցվել է ապրիլի 7-ին։
Նրա խոսքերով հարված եղել է վեցերորդ ռեակտորի պաշտպանիչ գմբեթին, եւս երկու հարված հասցվել է այն շենքերի մոտ գտնվող օբյեկտներին, որտեղ տեղակայված են ռեակտորները։ Այս ամենի արդյուքնում առնվազն մեկ մարդ վիրավորվել է։
ԱԷՄԳ տնօրենի խոսքերով գմբեթի վնասը արտաքին է, սակայն նման հարձակումը «շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում ռեակտորի պաշտպանական թաղանթին հարված հասցնելու համար»:
Ատոմակայանի աշխատակիցները նաեւ ԱԷՄԳ -ին նաեւ հայտնել են, որ անօդաչուներից մեկը հարվածել է թթվածին եւ ջրածին արտադրող բլոկներից մեկին, երկու հարված հասցվել է ուսումնական կենտրոնին, իսկ մեկ ԱԹՍ խոցվել է վեցերորդ ռեակտորի տուրբինային սրահի վերեւում:
«Մենք վտանգավոր կերպով մոտենում ենք միջուկային վթարին։ Մենք չենք կարող անզգույշ լինել եւ զարգացումները թողնել պատահականությանը։ Այսօր մենք պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ՝ միջադեպի ռիսկը նվազագույնի հասցնելու համար»,-ասել է Գրոսին։
ԱԷՄԳ տնօրենը կայանի գնդակոծության համար չի մեղադրել ո՛չ ուկրաինական, ո՛չ էլ ռուսական կողմին, սակայն նշել է, որ նման գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։
Զապորոժիեի ատոմակայանը 2022 թվականի գարնանից գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության ներքո։
Մոսկվան ուկրաինացի զինվորականներին է մեղադրում Զապորոժիեի ատոմակայանի վրա հասցված հարվածների համար, սակայն Կիեւը բազմիցս հերքել է դա։