ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ, հանրապետական Մայք Ջոնսոնն առաջարկել է Ուկրաինային, Իսրայելին եւ Թայվանին աջակցելու համար ընդունել առանձին օրինագծեր, հայտնում են The Hill-ը եւ Politico-ն։
Պարբերականների համաձայն՝ Ջոնսոնը օրինագծերը ներկայացրել է հանրապետականների հետ փակ հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ նա չորս օրինագիծ է պատրաստել։ Չորրորդ օրինագիծը վերաբերում է ազգային անվտանգությանը եւ ներառում է ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը Ուկրաինային օգնելու համար, Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանում եւ TikTok-ի արգելափակում։
Ջոնսոնի օրինագծերից որեւէ մեկը չի ներառում ԱՄՆ սահմանի անվտանգության ապահովման դրույթներ։ Սա, ինչպես նշում է The Hill-ը, առաջացրել է «պահպանողական օրենսդիրների դժկամությունը», որոնք պնդում են, որ Ուկրաինային ցանկացած լրացուցիչ օգնություն պետք է կապված լինի ԱՄՆ հարավային սահմանի անվտանգության ամրապնդման միջոցների հետ:
The Hill-ը գրում է նաեւ, որ խոսնակի առաջարկը թույլ կտա օրենսդիրներին ընտրել, թե որ օրինագծերին կցանկանային աջակցել, որին՝ ոչ:
Այնուամենայնիվ, մնում է անհասկանալի՝ օրինագծերը կուղարկվեն Սենատ առանձին, թե համատեղ եւ կներկայացվեն որպես միասնական փաթեթ։ Այնուամենայնիվ, շարունակում է անհասկանալի մնալ, թե օրինագծերը ինչ ձեւաչափով կուղարկվեն Սենատ՝ առանձին, թե որպես միասնական փաթեթ։
Ապրիլի 15-ին Ջոնսոնն ասել է, որ ծրագրում է այս շաբաթ ներկայացնել Իսրայելին օգնություն տրամադրելու մասին օրինագիծ, սակայն չհստակեցրեց, թե արդյոք Ուկրաինային հատկացվող միջոցները կլինեն այս փաթեթի մաս: