Ռուսաստանը եւ Ուկրաինան Թուրքիայի հետ գրեթե համաձայնության էին հասել Սեւ ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու նոր համաձայնագրի շուրջ, սակայն Թուրքիայի նահանգային ընտրությունների նախօրեին Կիեւը անսպասելիորեն որոշել է դուրս գալ գործարքից։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով գործընթացին ծանոթ չորս աղբյուրների, որոնք ցանկացել են անանուն մնալ։
Բանակցությունները, ինչպես փոխանցեցլ են Reuters-ի զրուցակիցները, ՄԱԿ-ի պնդմամբ ընթացել են Թուրքիայի միջնորդությամբ եւ տեւել երկու ամիս։ Տեքստի վերաբերյալ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտին։ Դրանում ասվում էր, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը կապահովեն Սեւ ծովով առեւտրային նավերի ազատ եւ անվտանգ անցումը։ Մոսկվան եւ Կիեւը խոստացել են չհարձակվել, կալանավորել կամ խուզարկել քաղաքացիական առեւտրային նավերը:
Reuters-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան չի ցանկացել պաշտոնապես ստորագրել գործարքը, սակայն համաձայնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 30-ին հայտարարի համաձայնագրի մասին։ Սակայն «վերջին պահին» Կիեւը դուրս եկավ համաձայնագրից, եւ գործարքը խափանվեց, ասում են Reuters-ի աղբյուրները:
Կիեւի գործարքից դուրս գալու պատճառները հայտնի չեն: Ուկրաինան, Ռուսաստանը եւ Թուրքիան չեն մեկնաբանել գործարքի ձախողումը։
Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման համար Սեւ ծովում անվտանգության ապահովման մասին առաջին համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի կողմից 2022 թվականի հուլիսին։ Հետագայում այն մի քանի անգամ երկարաձգվեց, բայց մեկ տարի անց՝ 2023 թվականի հուլիսին, Ռուսաստանը վերջնականապես դուրս եկավ գործարքից։
Ավելի ուշ ռուսական իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են վերադառնալ գործարքին՝ դրա դիմաց պահանջելով, որ Արեւմուտքը կատարի մի շարք պայմաններ, որոնք, մասնավորապես, ներառում էին «Ռոսսելխոզբանկը» SWIFT-ին միացնելը, գյուղտեխնիկայի պահեստամասերի մատակարարումը եւ ռուսական ընկերությունների ակտիվների ապասառեցումը։