«Մենք այդ հարցը վաղուց ենք բարձրացնում, որովհետեւ Հայաստանում միջազգային ստանդարտներն ապահովող փորձաքննություն եւ լաբարատորիաններ չկան։ Կարևոր բան է, որի մասին ժամանակին մենք անգամ աղաղակել ենք։ Վրաստանում այդ համակարգն ավելի լավ է գործում»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության դիմակայունության համար Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից հատկացվելիք գումարին։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Բյուսելում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենիի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ առաջիկա 4 տարիներին Եվրամիությունը Հայաստանին կհատկացնի 270 մլն եվրո դրամաշնորհ դիվեսիֆիկացնելու մեր առեւտրային կապերը, նոր տեխնոլոգիաներ ներդնելու եւ որոշ ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ 60 մլն դոլար էլ կհատկացնի ԱՄՆ-ը։ Փաշինյանի վերադարձից հետո մեկնաբանություններ հնչեցին, թե այդ գումարի շրջանակներում ստեղծվելու են ստանդարտացման, հավաստագրման այնպիսի համակարգեր, որոնց փորձաքննության արդյունքներն ընդունելի կլինեն թե ԵՄ երկրներում, թե ԱՄՆ-ում։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով 2023 թվականին Հայաստանից արտահանվել է պատրաստի սննդի 885 հազար դոլարի արտադրանք։ Անցած տարվա արտահանման կառուցվածքում այս ճյուղը չորրորդն է։ Առաջինը թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների արտահանումն է, որը 2023-ին կտրուկ՝ ավելի քան երեք անգամ աճել է։
Երկրորդը մեքենաների, սարքավորումների եւ մեխանիզմների արտահանումն է, որը կտրուկ աճել է ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Այս երկուսն էլ այսպես աճել են վերաարտահանման հաշվին՝ առաջինը Ռուսաստանից ներկվել, այստեղ մշակվել եւ արտահանվել է ԱՄԷ, երկրորդն այլ երկրներից ներկրվել ու արտահանվել է Ռուսաստան։ Երկուսն էլ՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ժամանակավոր գործոն են, որոնք հավանաբար չեն լինի պատերազմից հետո։
Բայց սննդի արտադրությունն ու արտահանումն արդեն մեր տնտեսության հիմնական ոլորտներից է։ Արտահանման ծավալները, սակայն, այդ պատերազմի արդյունքում գրեթե անփոփոխ մնացին։ Մինչդեռ թե՛ արտադրանքի, թե՛ արտահանման ավելացման հնարավորությունները շատ ավելին են։ Այնպես որ արեւմտյան չափանիշների ստանդարտացման, հավաստագրման համակարգի ներդրումը, արտադրանքի որակի բարձրացումը կարեւոր նշանակություն ունի մեր արտադրության ու արտահանման խթանման համար։ Հատկապես՝ արեւմտյան ավելի վճարունակ շուկաների ուղղությամբ։
«Մենք ունենք ոչ միայն թե սննդի արտադրության, այլեւ այլ ոլորտների ընկերություններ, որոնք իրենց ապրանքը վաճառում են այդ շուկաներում։ Մենք ունենք արդյունաբերական լուրջ ընկերություն հանձինս «Ռուսալ Արմենիայի», որի արտադրած փայլաթիթեղի 90 տոկոսը վաճառվում Եվրոպայում։ Ինչքան արտադրեն, այնքան կվաճառվի»,- ասում է Արսեն Ղազարյանը։
Հայաստանցի գործարարները հավաստագրեր, սերտիֆիկատներ ստանալու համար իրենց արտադրանքի նմուշները հաճախ ուղարկում են արտերկիր, բայց դրա համար շատ գումար են ծախսում։ Եթե մեր երկրում ստեղծվեն համապատասխան համակարգեր եւ այդ գործընթացներն արեւմտյան չափանիշերով այստեղ անցկացվեն, գումարներ կտնտեսվեն եւ կուղղվեն այլ նպատակների։
Իհարկե, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ Ռուսաստան արտահանվող ապրանքի որակի վրա, որպեսզի այդ երկիրը չկարողանա խախտումների պատճառով խնդիրներ առաջացնել։ Իսկ դիվերսիֆիկացման համար պետք չէ միայն արեւմուտքի վրա կենտրոնանալ, լավ կլինի աշխատել նաեւ Չինաստանի, Հնդկաստանի, արաբական երկրների ուղղությամբ։
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը ներկայացնում է գինեգործության եւ կոնյակագործության ոլորտում իր ունեցած տեղեկությունները, թե արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել եվրոպական մի մասնագիտացված կազմակերպության հետ, որ մեր ալկոհոլային խմիչքներն այնտեղ փորձաքննության անցնեն։ Բայց դա թանկ հաճույք է, եւ նախընտրելի կլիներ, որ այդ փորձաքննությունը Հայաստանում անցկացվեր։
Փորձագետը նաեւ տեղեկացնում է, որ շատ երկրներ Հայաստանն իբրեւ առանձին տնտեսական միավոր չեն ընդունում եւ չեն բանակցում մեզ հետ։ Ասում են, դուք ԵԱՏՄ անդամ եք, ունեք ընդհանուր խաղի կանոներ, հետեւաբար կբանակցենք այդ կառույցի հետ։ Կամ ընդհանրապես չեն ուզում գործ ունենալ այդ կառույցի ու դրա համակարգող Ռուսաստանի հետ։ Վրաստանն, օրինակ, ԵԱՏՄ անդամ չէ, Չինաստանի հետ բանակցությունների արդյունքում կարողացել է գինու համար ստանալ հարկային արտոնություններ։ Հայաստանին դա դեռ չի հաջողվում։
Ինչ վերաբերում է Վրաստանին Եվրամիության կամ ԱՄՆ-ի աջակցությանը, ապա նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու օրոք դա ահռելի է եղել։ Միայն գինեգործության եւ կոնյակագործության ոլորտին տարբեր ծրագրերով տարեկան շուրջ 300 մլն դոլար եւ այլ աջակցություն են տվել։ Հայաստանին հրաժարվում են մեծ փողեր տալ։ Ասում են, կօգնենք, որ բարձրացնեք ձեր արտադրանքի որակը եւ ԵՄ շուկաները կբացենք ձեր առաջ։ Դրա համար էլ ընդամենը 270 միլիոն դոլար տվեցին, այն էլ առաջիկա չորս տարիների համար։ Դա ավելի քիչ է, քան յուրաքանչյուր տարի տվել են Վրաստանին միայն մեկ ոլորտի համար։
«Ասում են, որ դուք գաք ԵՄ, այնքան շատ բան կստանաք, ձեր արտադրանքը մեզ մոտ կվաճառվի, ինչը կփոխատուցի գումարային օգությանը։ Բայց այդ դեպքում 5-10 տարի ժամանակ է պետք։ Մեր ոլորտի համար դա շատ ծանր կլինի»,- ասում է Ավագ Հարությունյանը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։