ԱՄՆ-ը եւ դաշնակիցները չեն օգնի Ուկրաինային խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը այնպես, ինչպես օգնեցին Իսրայելին, քանի որ դրանք «տարբեր հակամարտություններ են»։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Կիրբին։
Լրագրողները Կիրբիին հարցրել են, թե ինչու են Միացյալ Նահանգները եւ դաշնակիցները օգնում խոցել իրանական անօդաչու թռչող սարքերը, որոնք ուղղված են Իսրայելին, բայց նույնը չեն կարող անել Ուկրաինայի համար:
«Տարբեր հակամարտություններ, տարբեր օդային տարածք, տարբեր սպառնալիքների լանդշաֆտ: Եվ ԱՄՆ նախագահը [Ջո Բայդենը] ուկրաինական հակամարտության հենց սկզբից հասկացրեց, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ միջամտել այս հակամարտությանը որպես մարտիկ»,-ասել է Կիրբին։
Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը Կիեւին է փոխանցել օդային տարածքը պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցները, սակայն այժմ դա չի կարող անել Կոնգրեսում տարաձայնությունների պատճառով։