Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է զորահավաքի մասին օրենքը, որն ապրիլի 11-ին ընդունվել էր Գերագույն Ռադայի կողմից։
Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց մեկ ամիս հետո, այսինքն՝ 2024 թվականի մայիսի 16-ին։
Ուկրաինայում զորահավաքի մասին օրենքը, մասնավորապես, զորակոչային ծառայության փոխարեն նախատեսում է հիմնական զինվորական ծառայություն՝ հինգ ամիս ժամկետով խաղաղ եւ երեք ամիս ժամկետով՝ պատերազմի ժամանակ։ Մինչեւ 24 տարեկան ուկրաինացիները կկարողանան ընտրել հիմնական ծառայության տարին եւ ժամկետը։
Օրենքը նախատեսում է նաեւ համաբանակային հիմնական պատրաստության ներդրում, որը 2025 թվականից լինելու է համալսարանական կրթության մաս՝ տղամարդկանց համար պարտադիր, իսկ կանանց համար՝ կամավոր։
Զորակոչից խուսափողների եւ զինվորական հաշվառման կանոնները խախտողների համար նախատեսված են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ Ուկրաինայից դուրս գալու ժամանակավոր արգելք, ակտիվների առգրավում եւ մեքենա վարելու իրավունքի սահմանափակում։