Իրանի Իսլամական Հանրապետության համար շարունակում է կարմիր գիծ մնալ երկրների տարածքային ամբողջականությունը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մեր կարմիր գծերը չեն փոխվել։ Միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության նկատմամբ դեմ է արտահայտվել, որպես կարմիր գիծ ներկայացրել, մեր երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարը եւ հնարավոր չէ անտեսել այն։ Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը»,-ասել է դեսպանը։
Իրանցի դիվանագետը ընդգծել է, որ սահամնային խնդիրների լուծման լավագույն ուղին բանակցությունների սեղանն է։
Խոսելով հայ-իրանական հարաբերությունների եւ դրանց զարգացման մասին դեսպանը նշել է, որ «Հայաստանը Իրանի համար համարվում է դեպի հյուսիս եւ Սեւ ծով տանող շնչուղի, իսկ Իրանը Հայաստանի համար շնչուղի է դեպի հարավ, դեպի Պարսից ծոց եւ Հնդկաստան դուրս գալու համար»։
Անդրադառնալով ապրիլի 14-ի գիշերը Իսրայելի դեմ ԱԹՍ-ների եւ հրթիռների կիրառմամբ զանգվածային հարձակմանը Սոբհանին նշել է, որ այն ունեցել է սահմանափակ ձեւ եւ ուղղված էին միայն այն կենտրոնների դեմ, որտեղից իրականացվել էր Դամասկոսում իրանական հյուպատոսության դեմ ապրիլի 1-ի հարձակումը:
«Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմին, մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելամիտ ու դիպուկ էին, եւ մենք հասանք մեր նպատակին: Գործողություններն իրականացվել են ՄԱԿ-ի հռչակագրի 51-րդ հոդվածի եւ պաշտպանության բանակի մեր օրինական ու ի ծնե տրված իրավունքի հիման վրա»,-ասել է Իրանի դեսպանը։
Սոբհանին Իսրայելին պատասխանատու է համարել նաեւ Հարավային Կովկասում իրադրությունը լարելու համար։
«Այստեղ գիտեն, որ սիոնիստական ռեժիմը [Իսրայելը] Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է։ Մի փորձեք մաքրագործել այս ռեժիմին։ Կեղտոտ թաշկինակը չի մաքրում ապակին։ Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել»,-նշել դեսպանը։