Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանելով Բաքվում Ֆրանսիայի դեսպանին հետ կանչելու որոշումը հայտարարել է, որ Ֆրանսիան ակնհայտ հակաադրբեջանական գործողությունների է անցել դեռ 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո:
«Չնայած ֆրանսիական կողմի մեղադրանքներին՝ Ադրբեջանի կողմից միակողմանի գործողությունների համար, մեր երկրի քայլերն ու պաշտոնական հայտարարությունները Ֆրանսիայի նկատմամբ ընդամենը պատասխան էին այս երկրի ապակառուցողական գործունեությանը։ Չնայած մեր երկրի դեմ արատավոր արշավին, մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար»,-ասել է Հաջիզադեն։
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակի խոսքերով Ֆրանսիան վերջին երեքուկես տարիների ընթացքում ձեռնարկված քայլերով լրջորեն կասկածի տակ է դրել ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։
«Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ փաստաթղթերի նախագծերի նախաձեռնումը այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵՄ-ն, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը եւ այլ միջազգային հարթակներ, ապացուցեցին այս երկրի՝ որպես չեզոք միջնորդի պնդումների լիակատար անհիմն լինելը»,-հավելել է Հաջիզադեն։
Նա հաջորդիվ Փարիզին մեղադրել երկրում «ադրբեջանաֆոբ» մթնոլորտ ստեղծելու մեջ, որոնց վկայությունները, ըստ խոսնակի, ֆրանսիական խորհրդարանում ընդունված որոշումներն են, Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումները եւ ադրբեջանցի գրող Խուրշիդբան Նատավանի արձանի վնասումը։