Ալիք Մեդիան հատվածաբար ներկայացնում է միջազգային հանրային օրենքների մասնագետ, ֆրանսահայ փաստաբան Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանի «Ֆրանսիան իրեն ներկայացնում է որպես Հայաստանի փրկիչ, արդյո՞ք դա այդպես է» հոդվածը, որը հրապարակվել է ամերիկահայկական The Armenian Mirror Spectator պարբերականում։
Ինչպիսին էլ լինեն Ռուսաստանի հանդեպ դժգոհությունները՝ որոշները արդարացված, որոշներն էլ կասկածելի, Հայաստանին ձեռնտու չէ խզել իր ռազմավարական հարաբերությունները Մոսկվայի հետ, առավել եւս ընդունել շախմատի տախտակի վրա զինվորի դերը, որը ցանկացած սցենարի դեպքում կարող է կուլ գնալ:
Խելամիտ մարդը դժվար թե պատկերացնի, որ ադրբեջանական ագրեսիայի դեպքում արեւմտյան երկրները ռազմական միջոցներով կպաշտպանեն Հայաստանը։
Ուկրաինան, որն ունի գյուղատնտեսական ահռելի ռեսուրսներ, որտեղ արեւմտյան տնտեսական, մասնավորապես՝ ամերիկյան շահերը նշանակալի են, ինքնին խոսուն օրինակ է։
Պատերազմի երկու տարիներից հետո որոշ եվրոպացիներ՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, հանդես են գալիս նախաձեռնությամբ, քանի որ Ուկրաինան գտնվում է ռազմական փլուզման եզրին, եւ Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել իր ռազմական օգնությունը։
Հիմա պատկերացնենք, թե ինչպես կվերաբերվեն Հայաստանին ադրբեջանական ագրեսիայի դեպքում, քանի որ այն Ուկրաինայի համեմատ տնտեսական եւ ռազմավարական չնչին հետաքրքրություն ունի։
Բայց ինչո՞ւ է Ֆրանսիան զբաղվում հակառուսական այս արշավով։ Արդյոք անկե՞ղծ է եւ ունի՞ միջոցներ Հայաստանին ամբողջությամբ աջակցելու։ Պատրա՞ստ է արդյոք տրամադրելու այն սպառազինությունը, որն անհրաժեշտ կլինի Հայաստանին պաշտպանվելու համար։ Արդյո՞ք Ֆրանսիային կաջակցեն եվրոպական եւ ամերիկյան իր դաշնակիցները:
Դրա պատասխանը տրվում է վերջերս նախագահ Էմանուել Մակրոնի արած վիճահարույց եւ հակասական արտահայտություններով՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ, ըստ որոնց այս աջակցությունը Ռուսաստանի դեմ անձնական պայքարի մի մասն է: Դա երկրի ներսում եւ արտասահմանում երկակի քաղաքականության նուրբ շերտ է։
Մենք պետք է վերլուծենք Ֆրանսիայի դիսկուրսն ու գործողությունները եւ դիտարկենք նախագահ Մակրոնի քաղաքական դրությունը Ֆրանսիայի ներսում, դիվանագիտական ու ռազմական իրողությունները միջազգային մակարդակում։
Մակրոնը ներքին ճակատում թույլ առաջնորդ է։ Նրա առաջարկած բարեփոխումները կամ մերժվում են, կամ էլ կիսահաջողվում։ Նրա ժողովրդականությունը շատ ցածր է։ Առաջին հերթին նա պոպուլիստական ենթատեքստի եւ իշխանության բավականին եսակենտրոն հայեցակարգի կրող է։
Արտասահմանում Ֆրանսիան նահանջում է ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ճակատներում։ Ֆրանսիան, որն ԱՄՆ-ից հետո երկրորդ ամենամեծ դիվանագիտական ցանցն ուներ, այժմ զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ հետ մնալով Թուրքիայից եւ Ճապոնիայից:
Ֆրանսիան փորձում է վրեժխնդիր լինել Աֆրիկայի ֆրանսախոս երկրներում իր բանակի ներկայության, նախկին գաղութատիրական փառքի կորստի՝ «Françafrique»-ի երկրներից դուրս մղվելու կամ վարկանիշի անկման համար։
Միեւնույն ժամանակ Ռուսաստանն աֆրիկյան նախկին գաղութային մի շարք երկրներում ինքնահաստատվել է որպես ռազմական գործընկեր։ Այժմ, երբ Ֆրանսիան թուլացել է, միայն միջուկային տերության կարգավիճակն է համարվում նրա ռազմավարական ակտիվը ողջ աշխարհում։
Վերջին արշավը նպատակ ունի համոզելու աշխարհին, որ ռուսները վտանգ են ներկայացնում եվրոպացիների եւ ֆրանսիացիների համար, եւ որ այդ պատճառով անհրաժեշտ է դիտարկել պատերազմի բոլոր սցենարները, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում զորք ունենալը:
Օգտագործելով Ռուսաստանին սպառնալու այս ռազմավարությունը՝ նախագահ Մակրոնն ուժեղ խոսքով փորձում է պատերազմի առաջնորդի կերպար ստեղծել, մինչդեռ ռազմական բոլոր փորձագետներն ու աշխարհաքաղաքական ստրատեգները գիտեն, որ Ուկրաինայի պարագայում բանակցություններ վարելու ժամանակն է, եւ որ Ֆրանսիան չունի լայնամասշտաբ հակամարտության մեջ մտնելու ռազմական բավարար հնարավորություններ։
Նախկին վարչապետ եւ միջազգային հարաբերություններում բավականին հեղինակավոր ստրատեգ Դոմինիկ դը Վիլպենը քննադատեց «Մակրոնի ստրատեգիական պոռթկումը», որը միջազգային հանրությանը կանգնեցնում է պատերազմի էքսպոնենցիալ սրման վտանգի առջեւ։
Ավելին, հաղորդակցության այս ռազմավարությունը վերջերս հակառակ արդյունք տվեց հենց նախագահ Մակրոնի համար: Միացյալ Նահանգները, եվրոպացիները, մասնավորապես՝ գերմանացիները, պաշտոնապես հերքեցին, որ նման սցենարները սեղանի վրա են կամ քննարկվում են հավաքականորեն:
Բրիտանացիներն ու ամերիկացիները հայտարարեցին, որ Ուկրաինա իրենց զորքերը ուղարկելու մասին խոսք լինել չի կարող։ Այս արձագանքները միեւնույն ժամանակ բաց են քննադատության համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրները ֆիզիկապես ներկա են ուկրաինական հողի վրա բազմաթիվ ռազմական խորհրդականներով եւ մարզիչներով, էլ չեմ խոսում հետախուզական գործակալների եւ հատուկ նշանակության ուժերի անդամների մասին։
Կեղծավորության մեկ այլ տարր էլ այն է, որ Արեւմուտքը պայքարում է ողջ կարողությամբ զինամթերք մատակարարելու համար, սակայն ողջունում է Չեխիայի նախաձեռնությունը՝ կոչ անելով միջազգային զենք վաճառողներին («պատերազմի տիրակալներին») մատակարարել այն: Ամենամեծ ապտակը հետեւեց Ուկրաինայից. նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանեց Մակրոնին, որ իրեն պետք է զենք, այլ ոչ թե օտարերկրյա զորքեր իր հողում։
շարունակելի
Պատրաստեց Բորիս Ղազարյանը