ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մահվան դեպքի առթիվ:
«Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գեւորգ Խուրշուդյանը»,- ասված է հաայտարարության մեջ:
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված ոտնձգությունը՝ դա համարելով միջազգային իրավունքի նորմերի խախտում:
ԱԳՆ-ն ընդգծել է, որ հակառակ միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը հրաժարվում է իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելուց՝ էլ ավելի սրելով իրադրությունը եւ խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
«ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկելու անհրաժեշտ եւ համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:
Հատկանշական համարելով, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր այս ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ, ՀՀ ԱԳՆ-ն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: