Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը եւ Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին համատեղ հայտարարությամբ մեկնաբանել են Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը։
«Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, եւ այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի ԵՄ Վրաստանի առաջընթացի վրա: Այս օրենքը չի համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին եւ արժեքներին»,-ասվում է Բորելի եւ Վարհելի համատեղ հայտարարության տեքստում։
Դրանում ընդգծվում է, որ Վրաստանն ունի ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը նպաստում է երկրի ԵՄ անդամակցության ուղղությամբ հաջող առաջընթացին, սակայն առաջարկվող օրենքը կսահմանափակի քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ազատ գործելու հնարավորությունը, կարող է սահմանափակել խոսքի ազատությունը եւ անարդարացիորեն վնասել այն կազմակերպություններին, որոնք օգուտ են բերում երկրի քաղաքացիներին։
«ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում ձեռնպահ մնալ այնպիսի օրենսդրության ներմուծումից, որը կարող է վտանգել դեպի ԵՄ Վրաստանի ուղին՝ ուղի որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը»,-ասվում հայտարարության եզրափակիչ հատվածում։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից։