ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապաների դուրս բերելու գործընթացը հայտարարել է, որ Վաշինգտոնում ոչինչ չեն տեսել, որը ցույց կտար, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են Հարավային Կովկասի ավելի խաղաղ եւ կայուն տարածաշրջան դառնալուն։
«Անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները բավականին լավ մատնանշում են այդ կետը, եւ դա եւս մեկ պարզ օրինակ է, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից կամ գործընկեր չէ»,-նշել է Պատելը։
Նա նաեւ վստահեցրել է, որ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է տեւական եւ արժանապատիվ խաղաղության հասնելու Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին, եւ պատրաստ է շարունակել իր ցուցաբերած աջակցությունը: