2022 թվականին Հայաստանի Հանրապետության Կառավարությունը սուբսիդավորեց հացահատիկի ցանքը: Հավաստագրված սեմացուով ցանք կատարող հողօգտագործողը 120 հազար, իսկ իր ունեցած կամ հարեւանից գնած՝ ոչ լիցենզավորված սերմացու ցանողը 70 հազար դրամ ստացավ՝ մեկ հեկտարի համար:
Ծրագրի շնորհիվ Շիրակի մարզում 2023 թվականին շուրջ 5000 հեկտարով ավելացան ցորենի ցանքատարածությունները՝ հասնելով 17481 հեկտարի: Պետությունը 7000-ից ավելի հողօգտագործողներին 1,3 միլիարդ դրամ էր հատկացրել:
2023 թվականին, սակայն, հացահատիկի ցանքատարածքները պակասեցին այնքանով, որքանով որ ավելացել էին, քանի որ սուբսիդավորման ծրագիրը դադարեցվեց:
2024 թվականի գուղատնտեսական գարունը հողօգտագործողի համար կրկին լավ լուրով բացվեց. ՀՀ Կառավարության կողմից բուսաբուծության աջակցության ծրագիր է իրականացվում: Գարնանացան հացահատիկ, հատիկաընդեղեն եւ բազմամյա խոտաբույսեր մշակող տնտեսվարողին պետությունը կփոխհատուցի ծախսած գումարի ուղիղ կեսը. ըստ մշակաբույսի տեսակի՝ 70000-ից 110000 դրամ մեկ հեկտարի համար:
Պետության առաջարկը լիովին ընդունելի եւ իրոք՝ աջակցություն կլիներ գյուղացու համար, եթե մի մեծ խոչընդոտ չլիներ. աջակցությունից կօգտվեն միայն հավաստագրված սերմ ցանող հողօգտագործողները:
Գյուղացին համաձայն չէ: Դեռ 2023 թվականից ամբարները լիքը սերմացու ունեն կուտակած: Չեն վաճառել, քանի որ գինը շատ ցածր է՝ 80-90 դրամ մեկ կիլոգրամի համար:
Վաչագան Մինասյանը Կառավարության աջակցությունը մերժել, իր ունեցած սերմը ցանել, դաշտն էլ պարարտացրել է:
«Ինձ պետք չէ այդ 70000 դրամը, քանի որ իմ ունեցած սերմը որակով է, ավելի վատ սերմ գնելու համար իմը պետք է 80 դրամով վաճառեմ, գնամ լիցենզավորվածը 170 դրամով գնեմ,-ասում է գյուղատնտեսն ու մանրամասնում,-լրացուցիչ ճանապարհածախս պետք է անեմ, մինչեւ գնամ սերմ գնեմ, բերեմ: Հետո բանկերում հերթ կանգնեմ, մի կերպ գումարը ստանամ, որից, լավագույն դեպքում, ինձ կմնա մի 5000 դրամ»:
Վոլոդյա Եղիկյանն էլ աջակցությունից չի օգտվում, ասում է՝ իր շրջապատում նույնպես օգտվողներ չկան: «Եթե իրականում օգնել էին ուզում, թող թույլ տային մեր սերմացուն ցանեինք, թե չէ՝ իմ օգուտը ո՞րն է, որ իմ ապրանքը թողնեմ, գնամ ներկրվածը կրկնակիից ավելի թանկ գնեմ»:
Սերմարտադրող, ինչպես նաեւ ներմուծող, գյուղատնտես Հունան Պետրոսյանն ասում է՝ տեղում արտադրված եւ հավաստագրված սերմացուն շատ քիչ է, ստիպված ներկրում են արտերկրից:
«Մի կողմից պաշտոնապես հավաստագրված սերմ ցանելը խթանում է որակյալ սերմացու եւ լավ բերք ստանալը, մյուս կողմից էլ՝ հավելյալ դժվարություն է գյուղացու համար. մարդիկ իրենց սերմը չեն թողնի, կրկնակի թանկը չեն գնի»,-ասում է գյուղատնտեսն ու հավելում, որ իրենց գյուղում՝ Մեղրաշենում ցանքի շրջանը վաղուց մեկնարկել է, բայց դեռ 10 տնտեսություն են օգտվել ծրագրից, անգամ եթե նրանց թիվն ավելանա էլ՝ շատ քիչ կլինեն օգտվողները:
Հացահատիկի ցանքը մեկնարկել, բայց դեռ չի ավարտվել Շիրակի մարզում: Կառավարության աջակցությունից հողօգտագործողները չեն շտապում օգտվել, բայց չի բացառվում, որ վերջնաժամկետի օրը մարդիկ մտափոխվեն ու օգտվեն դրանից:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։