ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եվրոպական երկրներին կոչ է արել պահեստներից հանել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը եւ դրանք մատակարարել Կիեւին։
«Մենք չենք կարող հույս դնել միայն ԱՄՆ-ի վրա, պետք է նաեւ պատասխանատվությունը վերցնել մեզ վրա։ Մենք ունենք Patriot, ունենք հակահրթիռային համակարգեր, մենք պետք է դրանք հանենք մեր պահեստներից եւ ուղարկենք Ուկրաինա, որտեղ պատերազմը ուժգնանում է, եւ դա անենք արագ»,-ասել է Բորելը «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան արդեն ժամանել է Նեապոլիտանական ծոցում գտնվող Կապրի կղզի, որտեղ հավաքվել են մասնակիցները։ Նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ միասին կմասնակցի Կիեւի աջակցության հարցին նվիրված հատուկ նիստին։