Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի։ Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից։
«Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված հուշագրի հիման վրա, եւ Ադրբեջանի հետ համակրգման շարունակմամբ, 2021 թվականի հունվարի 30-ին Ղարաբաղի շրջանում հրադադարի ռեժիմի վերահսկման եւ իրավախախտումները կանխելու համար Աղդամ քաղաքում ստեղծված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեությունը ավարտելու գործընթացը շարունակում է»,- փոխանցել են լրատվականին Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունից։
Նախօրեին՝ ապրիլի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը եւ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էին լրատվականների կողմից ավելի վաղ տարածաված այն տեղեկությունները, որ մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս բերման գործընթացը։
Աղդամի մոնիտորինգային կենտրոնը ստեղծվել էր 44 օրյա պատրեազմից հետո, որի նպատակը հրադադարի ռեժիմի պահպանմանը հետեւելն էր։