Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Վրաստանի իրավապահ մարմիններին եւ հայտարարել, որ ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը բողոքի ցույցը ցրելուն մասնակցած ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Իրադարձությունների ականատեսների վկայությամբ՝ անվտանգության ուժերը արցունքաբեր գազ եւ մահակներ են կիրառել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների դեմ։
«Այն, ինչին մենք ականատես եղանք նախորդ օրը (ապրիլի 16-ին) Թբիլիսիում, դաժան հաշվեհարդար էր մարդկանց՝ խաղաղ բողոքի ցույցի իրենց իրավունքից օգտվելու համար։ Իշխանությունները գործում են այնպես, ասես իրենց իրավասությունն է որոշել, թե երբ մարդիկ կարող են կամ չեն կարող բողոքել՝ ցուցարարներին ցրելու համար օգտագործելով հատուկ ջոկատայիններին՝ կամայականորեն ձերբակալելով եւ բռնություն գործադրելով: Մի քանի նկատվել է, որ ոստիկանները մահակներով հետապնդել եւ ծեծի են ենթարկել փախչող ցուցարարներին, շրջապատել նրանց եւ անխնա խեխել, երբ նրանք պառկած էին գետնին»,-ասվում է իրավապաշտպան կառույցի հաղորդագրութայն մեջ։
Amnesty International-ը ոստիկանության գործողություններն անվանում է պատժիչ գործողություն եւ կոչ է անում ուժի կիրառման բոլոր դեպքերի արագ, անկողմնակալ եւ մանրակրկիտ հետաքննություն անցկացնել եւ պատասխանատվության ենթարկել ուժի ապօրինի կիրառման համար պատասխանատուներին:
Amnesty International-ը նաեւ կոչ է անում Վրաստանի իշխանություններին հրաժարվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծից։
«Այն ուղղված է միավորումների ազատության իրավունքի սահմանափակմանը եւ ակնհայտորեն նպատակ ունի նսեմացնել եւ սահմանափակել անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ տորպեդահարել նրանց գործունեությունը»,- ասել է Amnesty International-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեեւը: