Բրյուսելյան հանդիպումը իրականում վերաբերվել է Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիային։ Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանի տված մեկնաբանության մեջ, որը վերաբերվում է ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող այն լուրերին եւ ներկայացված փաստաթղթերին, թե իբր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման ժամանակ ռազմաքաղաքական բնույթի համաձայնություններ են ձեռք բերվել։
«Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը եւ չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել»,-ասել է Բադալյանը։
ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։
«Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել եւ շարունակելու է մնալ այդպիսին»,-ասել է արտգործնախարարության խոսնակը։
Այսօր՝ ապրիլի 18-ին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով մամուլում շրջանառվող նույն տեղեկությունները հայտարարել էր, թե Մոսկվան Երեւանից հստակ հերքում է ակնկալում դրանց վերաբերյալ։