Իսրայելը հարված է հասցրել Իրանի տարածքին, հաղորդում են CNN-ը, The New York Times-ը եւ Bloomberg-ը՝ վկայակոչելով ամերիկացի, իսրայելցի եւ իրանցի պաշտոնյաներին:
Իրանի պաշտոնյաները հայտնել են, որ հարվածը հասցվել է կենտրոնական Սպահան քաղաքի մոտ գտնվող ռազմական ավիաբազային:
Ենթադրվում է, որ հարձակումն իրականացվել է փոքր անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնք հավանաբար արձակվել են հենց Իրանի տարածքից: Ռադիոլոկացիոն համակարգերը չեն հայտնաբերել երկրի օդային տարածք ներխուժող ոչ մի ինքնաթիռ, գրում է NYT-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ Պարբերականի զրուցակիցները նաեւ պարզաբանել են, որ փոքր անօդաչու թռչող սարքերի առանձին խումբ խոցվել է Թավրիզի շրջանում՝ Սպահանից մոտ 800 կիլոմետր դեպի հյուսիս։
Ինքնաթիռների թռիչքուղին ներյակացվող կայքերում հրապարակած տվյալները ցույց են տվել, որ Իրանի մի քանի օդանավակայաններ փակ են եղել ապրիլի 19-ի առավոտ։ Սակայն Իրանի ավիացիոն գործակալությունը հայտարարեց, որ վերացնում է թռիչքների սահմանափակումները:
Իրանական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ պայթյուններ են լսվել Սպահանի եւ Թավրիզի մոտակայքում՝ հավելելով, որ Սպահանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ CNN-ի տվյալներով՝ միջուկային օբյեկտները հարվածների թիրախներ չեն հանդիսացել։
Իրանական Fars գործակալությունը հարձակման հավանական թիրախ է համարում ռազմական ռադարը, որը տեղակայված է Սպահանի օդանավակայանի մոտ։
Իսրայելի պաշտպանության բանակը դեռ չի մեկնաբանել Իրանին հասցված հարվածների մասին տեղեկությունները։