Caucasus Heritage Watch կազմակերպությունը հայտնում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչեւ 2024 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ամբողջությամբ ավերվել է Շուշիի 177 ամյա «Կանաչ Ժամը»՝ Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։
Կառույցն ընդգծում է, որ տեղի ունեցածը Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի որոշման ամենակոպիտ խախտումն է։
Caucasus Heritage Watch ֆեյսբուքյան գրառման մեջ նաեւ ավելացվում է, որ 44 օրյա պատերազմից հետո Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմը իր հավակնություններն էր ներկայացրել շենքին եւ խոստացել այն վերականգել, սակայն եկեղեցին այժմ գոյություն չունի։
Շուշիի պատմական Վերին կամ Նոր թաղում գտնվող սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին որպես քարաշեն կառույց՝ նախկին փայտաշենի փոխարեն, կառուցվել էր 1847 թվականին՝ Արցախի գյուղերից Շուշի տեղափոխված համայնականների կողմից, որի պատճառով այն կոչվել էր նաեւ Ղարաբաղցոց եկեղեցի:
Կառույցը Կանաչ ժամ անունը ստացել էր գմբեթի գույնի պատճառով։
Խորհրդային շրջանում, Կանաչ ժամը շրջապատված է եղել առողջարաններով, հանգստյան եւ բնակելի տներով։ Բուն եկեղեցին ադրբեջանցիները օգտագործել էին որպես հանքային ջրերի ըմպելասրահ։
Արցախյան առաջին պատերազմից հետո՝ 1995 թվականին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերանորոգվել էր, որի արրդյունքում վերականգնվել էին եկեղեցու գմբեթները, շքամուտքը եւ ամբողջացվել ներքնատեսքը:
2020 թվականի պատերազմից անմիջապես հետո Կանաչ ժամը պայթեցվել է: