Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչեւ 2024 թվականի վերջ, եթե ԱՄՆ Կոնգրեսը չհամաձայնեցնի Կիեւին օգնություն տրամադրելու օրինագիծը, գրում է Politico-ն՝ վկայակոչելով Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսին։
Բերնսը իր հայտարարությունը հնչեցրել է Ջորջ Բուշ կրտսերի նախագահական կենտրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ՝ կոնգրեսականներին կոչ անելով հաստատել Կիեւին ռազմական աջակցություն նախատեսող օրինագիծը։
«Ե՛վ գործնական, եւ՛ հոգեբանական աջակցությամբ ուկրաինացիները կկարողանան պահպանել իրենց դիրքերը մինչեւ 2024 թվականը, ինչպես նաեւ կկործանեն Պուտինի համոզմունքը, որ ժամանակն իր օգտին է»,-հայտարարել է ԿՀՎ տնօրենը։
Այնուամենայնիվ, եթե ԱՄՆ Կոնգրեսը չհաստատի օգնությունը, «պատկերն ավելի մռայլ կլինի», հավելել է նա։
«Կա շատ իրական վտանգ, որ ուկրաինացիները կարող են պարտվել մարտի դաշտում մինչեւ 2024 թվականի վերջը, կամ գոնե Պուտինին դնել այնպիսի դիրքում, որտեղ նա կկարողանա է թելադրել քաղաքական կարգավորման պայմանները», — նախազգուշացրել է Բերնսը:
Նրա խոսքերով Ուկրաինային աջակցելը ավելին է, քան Ռուսաստանի հետ պարզապես պատերազմը։
«Խոսքը վերաբերում է նաեւ Չինաստանում Սի Ցինպինին, նրա հավակնություններին եւ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր դաշնակիցներին ու գործընկերներին։ Իրականում դա մի հարց է, թե արդյոք մեր հակառակորդները հասկանում են մեր հուսալիությունը եւ վճռականությունը»,-ասել է ԿՀՎ տնօրենը։