Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախին, որտեղից ապրիլի 13-ին անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ են արձակվել հրեական պետության ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Պարբերականին աղբյուրը նշել է, որ այժմ տեղեկություններ դեռ չկան իսրայելական հարվածների արդյունքում իրանական կողմի մարդկային կորուստների վերաբերյալ։ Նա նշել է, որ «որոշ թիրախներ» խոցվել են նաեւ Սիրիայի հարավում։
«Աշխարհագրական առումով սա ցույց է տալիս, որ Իսրայելը հասանելիություն ունի Իրանի ցանկացած կետի», — հավելել է աղբյուրը՝ նշելով, որ տեղի ունեցածը «ուղերձի մի մասն էր միայն»:
FT -ին նաեւ մեջբերում է արեւմտյան մի դիվանագետի խոսքերը, ով ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Իսրայելը, մինչ հարվածը իր դաշնակիցների հետ շփումների ընթացքում, հասկացրել է, որ թեեւ իրեն իրավունք է վերապահում պատասխան տալ իրանական հրթիռակոծությանը, սակայն չի ձգտում էսկալացիայի:
Ավելի վաղ ամերիկյան ABC հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյային, հայտնել էր, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտին։ CNN-ը, հղում կատարելով մեկ այլ ամերիկացի պաշտոնյայի, նշել է, որ հարձակումը Իսրայելի պատասխանն էր ապրիլի 14-ին Իրանի հարձակմանը։
Իրանական լրատվամիջոցներն իրենց հերթին հայտնել են ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 03:00-ին Սպահան նահանգի երկնքում երեք անօդաչու թռչող սարքերի խոցման մասին:
Ըստ Tasnim գործակալության՝ Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն հասցվել։ Իրանական բանակի գեներալ Սիյավուշ Միհանդուստը, որին մեջբերում է գործակալությունը, բացատրել է, որ Սպահան քաղաքում լսված բարձր ձայները կապված են եղել «կասկածելի օբյեկտների ուղղությամբ ՀՕՊ համակարգերի կրակի հետ», որոնց արդյուքնում քաղաքում ավերածություններ կամ «պատահարներ» չեն գրանցվել։