Մոսկվան դեռեւս իրեն դաշնակից է համարում Երեւանի հետ, եւ ոչ միայն իրավական առումով։ Այս մասին “Спутник”, “Говорит Москва” եւ “Комсомольская правда” ռադիոկայաններին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ի վերջո, մենք դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Ինչպես եւ նախկինում մենք դեռ մեզ դաշնակից ենք համարում։ Իրավական առումով մենք դաշնակիցներ ենք, բայց կարծում եմ ոչ միայն իրավական, եւ որ այնտեղ կան այնպիսի անձիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարեւորությունը Հայաստանի անվտանգության եւ տնտեսական զարգացման համար»,-նշել է Լավրովը, ում խոսքերը մեջբերում է TACC գործակալությունը։
Անդրադառնալով նաեւ Հայաստան-ՀԱՊԿ հակասություններին Լավրովը պատասխանել է Երեւանից հնչող այն հայտարարություններին, թե ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել երկրում իր պատասխանատվության գոտին։ Ըստ ՌԴ ԱԳ նախարարի այդ Երեւանն է, որ չի կարողանում որոշել ՀՀ տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։
«Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել, թե որտեղ է գտնվում իր պատասխանատվության գոտին Հայաստանում, Հայաստանն ինքը դեռ չի որոշել»,- հայտարարել է Լավրովը։