«Մեծ յոթնյակի»` G7 –ի երկրները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են անում լիովին հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին։ Այս մասին ասվում է Իտալիայում ընթացող G7 –ի երկրների արտգործնախարարների հանդիպման արդյուքնով ապրիլի 19-ին ընդունված համատեղ կոմյունիկեի տեքստի Հարավային Կովկասին վերաբերվող բաժնում։
«Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ եւ տեւական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Մենք հիշում ենք 2023 թվականի դեկտեմբերի 7-ին կողմերի կողմից հրապարակված Համատեղ հայտարարությունը եւ խրախուսում ենք նրանց պահպանել համագործակցության այդ ոգին իրենց հետագա փոխգործակցություններում։ Հետագա էսկալացիան անընդունելի կլինի»,-ասվում է հայտարարության մեջ:
«Մեծ յոթնյակի» երկրները նաեւ կոչ է անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները եւ խրախուսել համապատասխան քայլերը՝ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող փախստականների եւ տեղահանվածների անվտանգ, արժանապատիվ եւ կայուն վերադարձը ապահովելու համար։ Տեքստում նաեւ երկրները աջակցություն են հայտնում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից տրամադրված բանակցային հարթակին եւ ընդգծում G7 –ի պատրաստակամությունը հայտնում հետագա կառուցողական շփումներին նպաստելուն:
«Մենք վերահաստատում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին նվիրվածության կարեւորությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք խրախուսում ենք ավելի մեծ տարածաշրջանային համագործակցությունը եւ բոլոր սահմանների վերաբացումը, ներառյալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը»,-ասվում է «Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարների համատեղ կոմյունիկեի տեքստում։