Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալվել էր ադրբեջանական ուժայինների կողմից, հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում։ Այս մասին հայտարարում է նրա ընտանիքը։
«Ապօրինի ձերբակալված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնում է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել իրեն եւ Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ բանտարկյալներին»,-ասվում է հայտարարության մեջ։
Վարդանյանի հարազատների խոսքով՝ նա հացադուլ է հայտարարել դեռ ապրիլի 5-ին, որից հետո դադարեցրել են նրա հեռախոսազանգերը ընտանիքի անդամների հետ։
«Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ եւ վիճակով: Ավելի քան 200 օր մենք չենք տեսել նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլն սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին։ Ընտանիքը սա միջազգային իրավունքի բոլոր նորմերի բացահայտ խախտում է որակում նաեւ նշելով, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչեւ մայիս:
Վարդանյանի ընտանիքը պահանջում է, որ անհապաղ ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին, ընդգծելով, որ նրան նկատմամաբ դատավարությունները կայանալու դեպքում դրանք պետք է տեղի ունենան մինչեւ մայիս՝ բանտարկյալների կալանքի ժամկետների ավարտ։ Բացի այս Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Վարդանյանի եւ մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար, ինչպես նաեւ վերականգնել Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։
Վարդանյաններն ընդգծում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը, իսկ ՄԱԿ կլիմայի փոփոխության գագաթնաժողովը՝ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում՝ առանց նշված քայլերի իրագործման: