Ըստ թուրքական «Սաբահ» գործակալության՝ Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանում քննվում է թուրք նկարիչ Օմուրջան Իչջանի դեմ հարուցված քրեական գործը։ Նկարիչը Թուրքիայի դրոշին ավելացրել էր կիսալուսնից կախված մարդու կերպարանք։
Ծաղրանկարի հեղինակը չի ներկայացել դատական նիստին։
Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության կազմած մեղադրական եզրակացությամբ արձանագրվել է, որ քաղաքի առափնյա շրջաններից մեկում տեղադրված գովազդային վահանակի ձախ կողմում՝ թուրք նկարիչ Դեւրիմ Էրբիլի՝ Ստամբուլի համայնապատկերի խորքում, լուսին եւ աստղեր են պատկերվել։ Ավելի ուշ դրան ավելացվել է լուսնից կախված մարդու կերպարանք։
Դատավորը, պարզելու համար՝ տվյալ կտավը գեղագիտական արժեք ունի, թե ոչ, Թուրքիայի Միմար Սինանի համալսարանի գեղանկարչության ֆակուլտետի 3 դասախոսից բաղկացած մասնագիտական խմբից փորձագիտական եզրակացություն է պահանջել։
Ըստ մեղադրական եզրակացության՝ պատկերի հեղինակ Իչջանը սոցցանցերում նաեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված վիրավորական նկարներ է հրապարակել։
Վերոնշյալով պայմանավորված՝ պետական մեղադրողը «պետության ինքնիշխանության խորհրդանիշները ծաղրելու» եւ «հետեւողականորեն ու հրապարակայնորեն երկրի նախագահին վիրավորելու» մեղադրանքով նկարչի համար 2 տարի 3 ամսից մինչեւ 11 տարի 2 ամիս ազատազրկման պահանջ է ներկայացրել։