Գլոբալ մակարդակով ռազմական ծախսերը 2009 թվականից ի վեր աճել են 6,8%-ով՝ 2023 թվականին հասնելով մինչեւ 2,44 տրիլիոն դոլարի, ասվում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) զեկույցում:
«2023 թվականին համաշխարհային ռազմական ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է Ուկրաինայում շարունակվող պատերազմով եւ Ասիայում ու Օվկիանիայում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական լարվածության աճով»,-ասվում է զեկույցում։
SIPRI-ի հեղինակները նշել են, որ ռազմական ծախսերն աճել են բոլոր հինգ աշխարհագրական տարածաշրջաններում, որոնք հիմնականում ծախսվել են Եվրոպայում, Ասիայում, Օվկիանիայում եւ Մերձավոր Արեւելքում:
Պաշտպանական ծախսերով առաջատար երկրների հնգյակում ներառվել են նույն պետությունները, ինչ 2022թ.
- ԱՄՆ-ը 2023 թվականին պաշտպանությանը հատկացրել է 916 միլիարդ դոլար (ՀՆԱ-ի 3,4 տոկոսը)
- Չինաստանը՝ 296 մլրդ (ՀՆԱ-ի 1,7%-ը)
- Ռուսաստանը՝ 109 մլրդ (ՀՆԱ-ի 5,9%-ը)
- Հնդկաստան՝ 83,6 մլրդ (ՀՆԱ-ի 2,4%-ը)
- Սաուդյան Արաբիա՝ 75,8 մլրդ (ՀՆԱ-ի 7,1%-ը)
Նշված հինգ երկրներին բաժին է ընկել համաշխարհային ռազմական ծախսերի 61%-ը։ Ընդ որում, համաշխարհային պաշտպանության ծախսերի կեսը ստացվում է ԱՄՆ-ից եւ Չինաստանից՝ համապատասխանաբար համաշխարհային ցուցանիշի 37%-ով եւ 12%-ով։ ԱՄՆ-ի ծախսերը երեք անգամ գերազանցում են Չինաստանին:
Առաջին 10 երկրների մեջ ընդգրկվել է նաեւ Ուկրաինան, որը զբաղեցրել է ութերորդ տեղը՝ պաշտպանության վրա ծախսելով 64,8 միլիարդ դոլար, ինչը 51 %-ով ավելի է 2022 թվականի համեմատ եւ 1272 %-ով ավելի, քան 2014 թվականին, երբ Ռուսաստանը բռնկացեց Ղրիմը։ Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին Ռուսաստանի ծախսերը, ըստ SIPRI-ի, աճել են 24%-ով, իսկ 2014 թվականից սկսած՝ 57%-ով:
Ռուսաստանը 2023 թվականին ռազմական ծախսերի վրա ծախսել է ՀՆԱ-ի 5,9%-ը եւ բոլոր պետական ծախսերի 16%-ը, ինչը ամենաբարձր մակարդակն է, որը գրանցվել է Խորհրդային Միության փլուզումից հետո, նշում է SIPRI-ն։
«2023 թվականի համար Ռուսաստանի ռազմական ծախսերի թվերը խիստ անորոշ են՝ 2022 թվականին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Ռուսաստանի ֆինանսական ղեկավարության աճող անթափանցիկության պատճառով»,-ասվում է զեկույցում։ Հեղինակները նշում են, որ Ռուսաստանում, բացի բյուջեից տրամադրվող միջոցներից, ռազմական ոլորտին գումարներ են հատկացվում նաեւ արտաբյուջետային աղբյուրներից՝ ձեռնարկություններից, անհատներից եւ կազմակերպություններից։
Հայաստանի հարեւաններ Թուրքան 22-րդ, իսկ Իրանը 26-րդ տեղում են 2023 թվականին ունեցած ռազմական ծախսերով։ Թուրքիայի պարագայում այն կազմում է 15․8 մլրդ դոլար (ՀՆԱ-ի 37 %-ը), իսկ Իրանի՝ 10․3 (ՀՆԱ-ի 0.6 %-ը):
SIPRI փորձագետները նաեւ նշում են, որ Հայաստանի պարագայում ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ 1․4%-ը, իսկ Ադրբեջանինը՝ 0.8 %-ը: