Հանգստյան օրը՝ կիրակին Գյումրու համայնքապետարանում այնքան էլ այդպիսին չէր: Համացանցում կայծակնային արագությամբ գրառումներ ու տեսագրություններ հայտնվեցին, որտեղ երեւում է, որ ավտոմեքենան հետիոտնի համար նախատեսված աստիճաններով բարձրացել է ուղիղ համայնքապետարանի մուտքի դռան մոտ:
Պարզվեց, ավտոմեքենայի համայնքապետարան մուտք գործելը ո՛չ պատահական է, ո՛չ էլ ճանապարհատրանսպորտային վթարի հետեւանք:
Վարորդը գյումրեցի գործարար Էմին Ոսկանյանն էր, ով այս քայլով բողոքի ձայն էր բարձրացրել, ցանկացել հանդիպել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին: Քաղաքացին երկար ժամանակ հողհատկացման դիմում է ներկայացրել համայնքի ղեկավարին, սակայն դիմումը չի հաստատվել, հողն էլ չի հատկացվել:
Ավտոմեքենայով քաղաքապետարանի շենքում հայտնվելու փորձը կանխվել է ոստիկանության եւ պարեկային ծառայության գործողությունների շնորհիվ:
Ավելի ուշ քաղաքապետարան է այցելել համայնքի ղեկավարը, վրդովված ասել, որ մարդաշատ տարածքում՝ քաղաքի գլխավոր հրապարակում այսդպիսի արաքը դատապարտելի է համարում: «Ով ուզում է լինի, ինչ ուղի ուզում է անցած լինի, իրավունք չունի ոտնձգություն կատարել քաղաքապետարանի շենքի, ազգաբնակչության վրա, օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխան տա, որ նման արատավոր երեւույթները չկչկնվեն»: Վարդգես Սամսոնյանը չի բացառում, որ հնարավոր է գործողությունը ողբերգական ավարտ ունենար, մարդկային զոհեր լինեին:
Հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ էր պահանջում քաղաքացին, համայնքի ղեկավարը չի մեկնաբանում, ասում է՝ կապ չունի պահանջը, ինչ էլ պահանջեր, ակցիան իրականացնողի գործողությունը չի արդարացնում:
Ըստ բողոքող գործարարի մտերիմների, Էմին Ոսկանյանը, ով 44-օրյա պատերազմի մասնակից է, տարածք է ուզել Մուշ թաղամասում, որ բարեկարգի, այգի հիմնի, բայց մերժվել է:
Գործարարին բերման են ենթարկել, բայց չեն ձերբակալել:
Ի դեպ, Էմին Ոսկանյանը Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայություն իրականացնող ընկերության ղեկավարի եղբայրն է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։