Բաքուն Լեռնային Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար ունի սեփական ուժեր։ Այս մասին ռուսական TACC-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը. ներկայում դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի անվտանգության ապահովման իր ուժերը և, ակնհայտորեն, այս հարցը միակողմանի չի լուծվում։ Կարծում եմ, որ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
Տասմագամբետովը նաեւ հավելել է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի՝ որպես կազմակերպության անդամ երկրի հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում, սակայն «Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով»։
Անդրադառնալով 2024 թվականին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցելու կամ չմասնակցելու հետ կապված հարեցերին գլխավոր քարտուղարը նշել է, որ այդ որոշումը կարտացոլի Հայաստանի ինքնիշխան որոշումը։
«2024 թվականին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցություն ունենալը կամ չունենալը ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է։ Բացի այդ, մինչև գագաթնաժողովը դեռ շատ բան կարող է փոխվել այս ամիսներին, հուսանք՝ դեպի լավը»,-հավելել է Տասմագամբետովը։