Կրեմլը, ամենայն հավանականությամբ, որոշել է Չեչնիայի ղեկավարի իրավահաջորդ Ռամզան Կադիրովին. նա կլինի Չեչնիայի «Ահմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովը։ Այս մասին ասվում է «Новая газета Европа»-ի հրապարակած հետաքննության մեջ։
Նախագահ Պուտինը ապրիլի 16-ին հրաման է ստորագրել Ալաուդինովին ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական աշխատանքների գլխավոր վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին։ Պարբերականի հետազոտողները այս նշանակումը ցատկահարթակ են անվանել «Ապտի Ալաուդինովի ապագա մեծագույն կարիերայում»:
«Новая газета Европа»-ն հիշեցնում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Եդինայա Ռոսիայի» համագումարը, որի ժամանակ պատվիրակները պաշտպանել են Վլադիմիր Պուտինի թեկնածությունը հինգերորդ նախագահական ժամկետում։ Համագումարում ելույթ է ունեցել նաեւ Ալաուդինովը։ Նա, մասնավորապես, խոսել է ավանդական արժեքների եւ կրոնի մասին։ Ապտի Ալաուդինովի այս ելույթը դարձավ նրա կարիերայի արագ վերելքի առաջին կարեւոր ազդանշանը, գրում է պարբերականը։
Հունվարին տեղեկություններ հայտնվեցին, որ Ալաուդինովը նախագահական ընտրություններում Պուտինի վստահված անձն է։ Մարտին Ալաուդինովը հաջողությամբ ավարտել էր բանակցությունները «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության երեք հազար զինվորներին իր ղեկավարած «Ահմատ» հատուկ նշանակության ստորաբաժանում տեղափոխելու վերաբերյալ, իսկ ապրիլին նա նշանակվել էր պաշտպանության նախարարության «քաղաքական հրահանգիչ»:
«Новая газета Европа»-ն պնդում է, որ Ռամզան Կադիրովի առողջական վիճակը, ում բժիշկները ենթաստամոքսային գեղձի նեկրոզ են ախտորոշել, լիարժեք ապաքինման հույսեր չեն թողնում։
Հաղորդվում է նաեւ, որ 2023 թվականին Կադիրովը հանգստացնող դեղամիջոցի չափից մեծ դոզա ստանալու պատճառով հայտնվել էր կոմայի մեջ։ Չնայած բժիշկներին հաջողվել է կայունացնել Կադիրովի վիճակը, սակայն նրա ուղեղի հետազոտության արդյունքները «Կադիրովի հարազատներին ընկճված վիճակի են հասցրել»։
Չեչնիայի ղեկավարի առողջական խնդիրների պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրվում։
Խմբագիրները կարծում են, որ նախորդ տարվա սեպտեմբերից ՌԴ նախագահի աշխատակազմը սկսել է մշակել Չեչնիայում հարկադիր իշխանափոխության դեպքի համար նախատեսված սցենար։