2020-2021 թվականներին պաշտոնավարած ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը վստահ է՝ այսօր դիվանագիտությունը մեր պետականության պաշտպանության միջոցներից մեկն է։ Կառավարության ներկայացուցիչներից ոմանք ասում են՝ եթե սահմանագծում ու սահմանազատում չանենք, դրա այլընտրանքը պատերազմն է։ Բայց, խոր վերլուծության, հմուտ մասնագետների փորձի վրա հիմնված դիվագիտության ու քաղաքականության միջոցով հնարավոր է խուսափել պատերազմից։
Այս մասին Այվազյանը հայտարարեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության ասուլիսում։
ՀԿ-ի կազմում ընդգրկված են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար (2002-2004 թվականներին), ապա ԱԺ նախագահ (2005-2020-ին) Աշոտ Ղուլյանը, ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար (2019-2021 թվականներին) Ավետ Ադոնցը, ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար (2020-2021 թվականներին) Գագիկ Ղալաչյանը, ՀՀ արտաքին գործերի գլխավոր քարտուղար (2018-2021 թվականներին) Վահագն Մելիքյանը։
ՀԿ-ն առաջիկա օրերին կազմակերպելու է քննարկումներ եւ հանրությանն է ներկայացնելու դիվանագետների մշակած օրակարգի ուրվագծերը։ Մասնագետներն իրենց փորձի վրա հիմնվելով՝ առաջիկայում լուծման ուղիներ են ներկայացնելու քաղաքական էլիտային ու հասարակությանը։
Պաշտոնաթող դիվանագետները գիտակցում են՝ այսօր մեր երկիրը ծանրագույն վիճակում է, ուստի քաղաքացիներին հուզող ոչ բոլոր հարցերին կկարողանան պատասխանել ու ելքեր առաջարկել, բայց որոշակի կարեւոր խնդիրների լուծման եղանակներ, անշուշտ, կներկայացնեն։
«Այն, ինչ մենք ենք առաջարկում, ոչ թե եւս մեկ հարթակ ստեղծելու ու քննադատելու մասին է, այլ ցույց տալու այս իրավիճակից դուրս գալու ճանապարհը։ Դիվանագիտությունը ե՛ւ գիտություն է, ե՛ւ արվեստ։ Մենք հեռացել ենք Արտաքին գործերի նախարարությունից, բայց ոչ դիվանագիտությունից»,- ասաց Արա Այվազյանը։
ՀԿ-ի անդամները վստահ են՝ եթե մեր դիվանագիտությունը զինված լինի ազգի տարբեր շերտերի աջակցությամբ, ազգային շահերի, նպատակների հստակ պատկերացում ունենա, կարմիր գծեր ունենա, այն կարող է փոխշահավետ կերպով կհամագործակցի տարբեր դերակատարների հետ։ Հակառակ դեպքում դիվանագիտությունը կդառնա վնասներ բերող, անգամ կործանարար գործիք։
Արա Այվազյանը վստահ է՝ զիջումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Նույնիսկ «համաձայնեցված» սահմանը ո՛չ անվտանգություն է ապահովելու, ո՛չ կայունություն, հակառակը՝ մեր կենսական տարածքները, անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են ու ճանապարհ բացում թշնամու ապագա ագրեսիվ գործողությունների համար։
Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը նկատել է՝ մեր հասարակության վրա ճնշում է գործադրում ոչ միայն մեր հակառակորդը, այլեւ միջազգային հանրությունը, որը մենք չենք լսում, չենք կարդում, բայց ենթատեքստում այդ ամենը նկատելի է: Եթե այդ ճնշումը չլիներ, ապա միջազգային հանրությունը գոնե կփորձեր օգնել մեզ, սահմանազատման համար անհրաժեշտ համապատասխան մթնոլորտը ձեւավորել:
Հիշեցնենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշից սահմանազատում են սկսելու․ ապրիլի 19-ին սրա վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել։
«Միակողմանի զիջումներն անընդունելի են: Անհեռանկարային է միակողմանի զիջման գնալը՝ փորձելով դրանով խաղաղություն բերել այս կամ այն տարածաշրջան: Սա ոչ միայն Տավուշին, այլեւ ամբողջ Հայաստանին է վերաբերում: Սա նաեւ մեր արժանապատվության հարցն է»,- ասաց Ավետ Ադոնցը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խոսելով Տավուշի մի հատվածը Ադրբեջանին հանձնելու մասին, ասաց՝ կյանքը ցույց է տվել, որ այս իշխանությունը զիջումներ անելու հարցում կանգառ չունի։ Հաջորդը կարող է լինել Տիգրանաշենը, ապա Սյունիքը։
«Մենք զիջելու բան չունենք։ Բայց այն մարդիկ, որոնք որոշում պետք է ընդունեն, էն գլխից հակված են այս մտքին․ «ամեն ինչ կարելի է անել, միայն թե որեւէ բան չփոխվի մեր իշխանության մեջ»։ Եթե դու մի բան չես կարողանում անել, անգամ նախընտրական ծրագիրն իրականացնել, պիտի հեռանաս։ Ասում էինք՝ մենք ոչինչ չենք զիջելու, բայց հետո հայաթափեցին ամբողջ Ղարաբաղը։ Զիջումները հերթով են անում՝ մաս-մաս: Մեր գործունեության նպատակներից մեկը հետեւյալն է․ փորձագիտական մակարդակով ցույց տալ, թե ինչ է կատարվում Հայաստանում»,- ասաց Ղուլյանը։
Ըստ նրա՝ այս իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի մենք մեր ուժը կորցնենք։ Հետեւողականորեն քանդում են։ Քանդում են բանակի ոգին, դիվանագիտությունը․ վեց տասնյակ ուժեղ, հմուտ դիվանագետներ կան մեր երկրում, որոնք այսօր ներգրավված չեն գործընթացներում։ Մենք այսպես միայն նահանջ ենք ունենալու շատ տեղերում։
Ապրիլի 19-ին ստորագրված միակողմանի զիջումների այս արձանագրությունը հնարավոր է չեղարկել, քանի որ հարկադրանքի ներքո ստորագրած ցանկացած փաստաթուղթ առոչինչ կարելի է համարել․ դա միջազգային իրավունքի հիմքերին համապատասխանող դրույթ է։ Բայց այս պարագայում խնդիրը հետեւյալն է․ բանակցողը չի փոխվում, պատրաստ է զիջումների, ուստի հնարավոր չէ այդ ստորագրությունը չեղարկել։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցն էլ նշեց՝ ստորագրվել է մի արձանագրություն, որը փոխում է ՀՀ սահմանները, տարածքներ են զիջվում այլ պետությանը․ տեղի է ունենում միջազգային իրավական գործընթաց, քանի որ սա միայն այս երկու երկրին չի վերաբերում։ Միջազգային գործընթացը՝ մասնավորապես տարածքների, սահմանների հետ կապված, ենթադրում է իրավական քայլերի պարտադիր հաջորդականություն։ Այդ արձանագրությունն անպայման պետք է խորհրդարանում քննարկվի, Սահմանադրական դատարանն էլ պիտի այս իրավական շղթայի գործողություններին մասնակցի։ Քանի որ ՀՀ սահմանները միջազգայնորեն ճանաչված են, նաեւ միջազգային կառույցներն այս հարցին պիտի անդրադառնան։ Արձանագրությունը դե յուրե պետք է իրավական գործընթացներ անցնի։ Բայց, փաստորեն, այդ փաստաթղթում անգամ ժամկետ է նշված, երբ Տավուշից մի հատված պիտի Ադրբեջանին զիջվի։
«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներն արձանագրեցին՝ այսօր միջազգային հարաբերություններում առաջնորդվում են ուժային քաղաքականությամբ։ Բոլորն ուժի միջոցով են առաջ մղում իրենց շահերը, բայց ուժը գնում է այնքան, մինչեւ հակաուժի է բախվում։ Հայաստանն այս դեպքում հակաուժ կարող է ստեղծել արտաքին քաղաքականության միջոցով, որը կզսպի հակառակորդի ծավալապաշտական նկրտումները։
Արա Այվազյանը շեշտեց՝ անհերքելի է, որ պատերազմի սպառնալիք կա, բայց ուժի սպառնալիքի ներքո զիջումների գնալը հակասում է միջազգային օրենքներին, մեր պետական շահերին․ դա հակաօրինական է։ Եթե ուզում ենք, որ պատերազմի սպառնալիքն առարկայական չդառնա, երկու կողմերն ու միջազգային դերակատարները պետք է ձեւավորեն այնպիսի մթնոլորտ, որ խնդրահարույց հարցերը լուծվեն փոխզիջումային, փոխընդունելի տարբերակով, ոչ թե միակողմանի զիջումներով։
«Պատերազմի սպառնալիքը եղել է 1988 թվականից ի վեր, ու այն չի ավարտվում։ Յուրաքանչյուր զիջում ոչ թե ավելացնում է կայունությունն ու անվտանգությունը մեր ժողովրդի համար, այլ հակառակը, քայքայում է մեր դիմադրողականությունը»,- եզրափակեց Արա Այվազյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։