Ռուսաստանը եւ Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում։ Այս մասին Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ՀՀ ԱԺ նախագահը ընդգծելով, որ Հայաստանը բախվում է անվտանգության ամենօրյա սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային պատերազմի հարձակումների, նշել է․«Ադրբեջանն օգտագործել է տարբեր լրատվամիջոցներ եւ սոցիալական ցանցեր՝ հայկական տարածքներ աստիճանաբար զավթելու համար: Տեղադրելով կեղծ տեսանյութեր, որոնք իբրեւ ցույց են տալիս հայկական զորքերի տեղաշարժը՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր՝ հարձակման համար պարարտ հող նախապատրաստելու եւ սեփական ագրեսիան արդարացնելու համար»
Սիմոնյանի խոսքերով Ադրբեջանը Հայաստանի դեմ վարած հիբրիդային պատերազմի հարցում միայնակ չէ եւ Բաքվի հետ մեկտեղ նման գործելակերպ է որդեգրել նաեւ Ռուսաստանը։
«Մեր արեւելյան հարեւանը տեխնոլոգիաների օգտագործման հարցում միայնակ չէ: Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ է կազմակերպում: Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը եւ խոսել հայ ժողովրդի անունից: Հայաստանի դեմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, եւ որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը եւ ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է»,-նշել է Սիմոնյանը։
Նա ընդգծել է, որ «ապատեղեկատվությունն ու ահաբեկումն» օգտագործվել են բրյուսելյան հանդիպման կայացումը կանխելու համար, եւ քանի որ դա չէր հաջողվել, փորձ է կատարվել խեղաթյուրել արդեն հանդիպման արդյունքները:
«Ի պատասխան վերջին իրադարձություններին` Հայաստանի կառավարությունն արգելեց ռուսական պետական հեռուստատեսությամբ քարոզչական հաղորդման հեռարձակումը Հայաստանի տարածքում՝ ատելության խոսքի տարածումը եւ Հայաստանի ներքին գործերին միջամտությունը դադարեցնելու նպատակով»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը։
Նշելով, որ Երեւանը հակամարտությունների կարգավորման համար փնտրում է խաղաղ լուծումներ եւ պաշտպանում ժողովրդավարական արժեքները, Սիմոնյանը հավելել է․ «Մենք հուսով ենք, որ մեր եվրոպացի գործընկերների եւ բարեկամների հետ միասին կարող ենք դադարեցնել եվրոպական տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում ժողովրդավարությունների դեմ հիբրիդային պատերազմը»։