Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի այն հարցի փատասխանը թե ինչու է Հայաստանը շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ։ Այս մասին նա ասել է բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ։
Ներկայացնելով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին Փաշինյանը կրկին անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանային բախումների ժամանակ հնչեցրած այն պնդումներին, որ ՀԱՊԿ-ը չի կարող միջամտություն ցուցաբերել, քանի որ երկրների միջեւ սահմանը դելիմիտացված չի եղել․ «Երբ սահմանները խախտվել են 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին, 2022թ. սեպտեմբերին եւ Հայաստանը սահմանված կարգով ձեռնարկել է ճգնաժամային իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքի մեխանիզմներ, այդ մեխանիզմները չեն գործարկվել այն պատճառաբանությամբ, որ սահմանները դելիմիտացված չեն: Եվ Ռուսաստանի Դաշնությունից էլ վերջերս նման հայտարարություն է հնչում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի գործարկվել այդ պահին, որովհետեւ այդտեղ դելիմիտացված սահման չկար կամ սահման չկա, բայց մեր գործընկերները չեն արձանագրել մի կարեւոր բան, եթե այդտեղ դելիմիտացված սահման չկա, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ չկա նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, որովհետեւ սահմանը կա եւ բոլորը գիտեն այդ սահմանի տեղը, իսկ, ըստ էության, նրանք ասում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի Հայաստանի Հանրապետությունում իրենք չենք կարող ցույց տալ: Սա, կներեք, նշանակում է, որ իրենք ասում են, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, ըստ էության, չկա, որովհետեւ դելիմիտացված չի, դելիմիտացված չէ նաեւ, օրինակ՝ սահմանը Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ»:
Շարունակելով միտքը Փաշինյանը նշել է, որ հանրության մեջ այժմ հարցեր են առաջանում թե ինչու է Հայաստանը շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ։ «Եվ եթե անկեղծ ասեմ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ»,-նշել վարչապետը։
Փաշինյանի խոսքերով ՀԱՊԿ-Հայաստան լարվածության պատասխանտվությունը Երեւանինը չէ, քանի որ հենց կառույցն է իր «հայտարարություններով ու անգործությամբ» խաթարել հարաբերությունները, որից ելնելով էլ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը կառույցին։ Վարչապետը նաեւ ավելացրել է, որ նման մոտեցումների շարունակման դեպքում «վերամասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կդառնա գործնականում անհնարին»։